Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղեցիներունն է, անոնց տված փարայովը կապրի կոր, ինք վարժարանին համար տասը փարա տված ունի՞։ Է՜յ, մյուս թաղականնե՞րը… ատոնք ձայն չե՞ն կրնար կոր հանել, խաբո՜ւլ մանտալ են, ի՞նչ են այդտեղ։

− Մարգար էֆենտիեն կքաշվին, խոսքեն դուրս չեն ելլեր, որովհետև հարուստ է, ազդեցիկ է…

− Զարմանալի բան, հարուստ է նե իրեն համար է, հարուստ է տեյի ամեն անիրավություն գործելո՞ւ է։ Ես ըլլալու էի թաղական, որ անոր սորվեցնեի։

− Ես ալ շիտակը թաղական ըլլայի նե, սա անիրավության չէի կրնար համբերել,– ըսավ Ակոբճան աղա,− ամմա, նորեն կըսեմ հանցանքին մեծը քու քովդ է, ինքզինքդ չես կրնար կոր պաշտպանել։

− Գոնե քանի մը բարեկամներու խորհուրդ հարցուր,− խրատեց Մարտիկ աղա,− թաղին մեջ այս չափ պաշտպաններ ունենալե ետքը՝ ալ ի՞նչ ես կեցեր, պարզապես ապուշություն է ըրածդ։

− Սանքիմ վարժապետները քիչ մը տղայամիտ կըլան, կըսեն նե, իրավունք ունին,− ըսավ Ակոբճան աղա։

− Բայց ո՞վ ըսավ, որ ես հանդարտ կեցեր եմ ու ձայն չեմ հաներ կոր,− գոչեց ուսուցիչը, քիչ մը սրտմտած իրեն ուղղված խոսքերեն։

− Ի՞նչ ըրիր, նայինք,− հարցուց Մարտիկ աղա հեգնորեն։

− Ձեր բոլոր ըսածներն ալ ըրի։

− Ինչ ըրիր նե ան ըսե։

− Առժամյա Թաղ. Խորհուրդին ու Մարգար էֆ-ին դեմ հանրագրություն մը պատրաստել տվի, զոր վարչության պիտի մատուցանեմ։

− Կեցցե՛ս, աֆերիմ, տեսա՞ր մի,− գոչեց կերպասավաճառը։

− Հա, շեոյլե,− երկրորդեց ոսկերիչը։

− Սքանչելի բան մը եղավ, կարդամ տե մտիկ ըրեք։

− Կարդա յա, կարդա։

Ուսուցիչը թուղթը բացավ և սկսավ կարդալ։

Երկու բարեկամները և Հոռոփիկ հանըմ, գլխու շարժումներով հավանություն կհայտնեին։ Երբ պարոն Թորգոմ ընթերցումը ավարտեց, Մարտիկ աղա գոչեց.