− Շատ աղվոր է, բայց շատ թեթև գացեր ես, ավելի զորավոր բան մը գրելու էիր։
− Էոյլե յա, գաֆալարընա էիճե վուրմալը,− հաստատեց ոսկերիչը։
− Ես ալ այդ պիտի ըսեի, բայց քաշվեցա,− դիտել տվավ Հոռոփիկ հանըմ։
− Ասկե խիստը չգրվիր,− պատասխանեց ուսուցիչը։
− Ինչպե՞ս չգրվիր, անանկ էտեպսիզներուն,− գոչեց Մարտիկ աղա բորբոքած,− բեք ալ աղեկ կգրվի, ես ըլլալու էի քու տեղդ տե՝ անոնց կսորվեցնեի… է՜յ, երբ պիտի տաս թուղթդ․ ատեն մի անցներ։
− Պետը է, որ նախ ստորագրվի։
− Ո՞վ պիտի ստորագրե…
− Թաղեցիները։
− Էոյլե յա,− հաստատեց Ակոբճան աղա,− նիզամ էոյլե տիր։
− Հիմա, ճիշտ ատոր համար եկած եմ հոս,− շարունակեց ուսուցիչը.− աղեկ, որ մեր բարեկամ Ակոբճան աղան ալ հոս գտնվեցավ։
− Ի՞նչ բանի համար,− հարցուց Մարտիկ աղա կասկածոտ դեմքով մը։
− Որպեսզի դուք ալ ստորագրեք։
− Ուրիշ ո՞վ ստորագրեց։
− Դեռ մեկը չէ ստորագրած, ամենեն առաջ ձեզի եկա։
Կերպասավաճառը անմիջապես չպատասխանեց, օղիի գավաթը լեցուց, և հետո ըսավ.
− Օղլում, ինե առաջ դեռ թաղին մեջ ինչ մարդիկներ կա՜ն… ես ամենեն վերջը կուգամ։
− Առաջինի վերջինի խնդիր չկա.− դիտել տվավ Թորգոմ, ամենուն ալ պիտի երթամ։
− Թո՛ղ մեյ մը ուրիշները ստորագրեն, ետքը բան մը կընենք։
− Ուրեմն առաջ դուք ստորագրեցեք, Ակոբճան աղա,− առաջարկեց ուսուցիչը՝ ոսկերիչին։
− Պենիմ ագլըմ էոյլե շեյլերե եթիշմեզ,− պատասխանեց այս վերջինը։
− Ճանըմ, խելք չհասնելիք բան մը չկա, գրվածքին համամի՞տ եք․․․