− Է՜յ, Ակորճան աղան ալ ժամուն կալվածքը վարձած չէ՞ յա՜− գոչեց Թորգոմ։
− Ես ալ ինծի համար հարկավ հաշիվ մը ունիմ,− պատասխանեց ոսկերիչը։
Ուսուցիչը տեսավ, որ անկարելի է համոզել այդ երկու մարդիկը․ թուղթը պլլեց, գրպանին մեջ տեղավորեց և ոտքի ելավ։
− Նստեցե՛ք, կերակուրը միասին ուտենք,− առաջարկեց տիկինը։
− Չէ՛, շնորհակալ եմ,− պատասխանեց ուսուցիչը սրտնեղությամբ,− ուրիշ երթալիք տեղեր ունիմ։
− Կարծեմ մեր մյուսյուն բարկացավ,− ըսավ տանտերը։
− Ի՞նչ իրավունք ունի նեղանալու,− ըսավ Ակոբճան աղան,− ասանկ բանը զոռով չըլլար։
− Բարկանալու բան չկա,− ըսավ Թորգոմը և ներկաները բարևելով դուրս ելավ։
Այս առաջին ձախողանքը թեև կատարյալ անակնկալ մըն էր, այսուհանդերձ չհուսահատեցուց ուսուցիչը։
Փողոց ելլելով ինքն իրեն ըսավ․
− Սիմոն աղային երթամ, անիկա առանց դիտողության կստորագրե։
Սիմ՛ոն աղա սարաֆ էր, և քիչ մըն ալ վաշխառու, ամուսնացած և չորս զավակներու տեր, որոնք թաղին վարժարանը կհաճախեին։ Բավական դրամ ուներ և այդ դրամը իրեն տեսակ մը հոխորտ ամբարտավանություն տված էր, ինք որ իր չքավորության օրերուն քծնող ու սողացող բնություն մը ուներ. իր սիրելագույն զբաղումն էր քննադատել ինչ որ ըլլար թաղին մեջ, միշտ ընդդիմադիր եղած էր օրվան Թաղ․ Խորհուրդին, բայց այդ ընդդիմադրությունը խոսքե անդին չէր անցներ և երբեք գործնական ճամփուն մեջ չէր մտներ։ Մասնավոր համակրանք մը ուներ պարոն Թորգոմին հանդեպ, զայն հովանավորելու ձև մը կառներ հաճախ։ Ասոր փոխարեն կպահանջեր ուսուցիչեն, որ մասնավոր հոգածության առարկա ընե իր զավակները։
Հաճախ ըսած էր պարոն Թորգոմին.
− Եթե բանի մը պետք ունենաս, մի քաշվիր, բացվե ինծի, ես քեզի շատ կսիրեմ, գիտես ա՜։
Ուսուցիչը վստահորեն զարկավ սարաֆին դուռը, կինը եկավ բանալու։