Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Չէ՛, պարոն Թորգոմ, ես չեմ ստորագրեր,− ըսավ Սիմոն աղա լուրջ դեմքով մը։

− Ինչո՞ւ համար…

− Սկզբունքիս հակառակ է:

− Ի՞նչ սկզբունք։

− Ճանըմ, ամեն մարդ մեջ մեկ սկզբունք կունենա յա… օր մը օրանց հանրագրության մը տակ ստորագրությունս տեսա՞ծ ես… այդ ձգե, նույնիսկ վիճակահանության համար գրվիմ նե՝ ոմն կդնեմ և անունս չեմ ստորագրեր:

− Բայց կաղաչեմ, Սիմոն աղա, իմ հույսս ձեզի պես բարեկամներու վրա է, եթե դուք ալ չուզեք ստորագրել, ո՞վ պիտի ստորագրե…

− Կցավիմ, բայց անկարելի է, պարապ տեղը մի պնդեր… սկզբունքիս հակառակ է։

− Կխնդրեմ,− կակազեց ուսուցիչը։

− Մի հոգնիր պարապ տեղը, տես ես քեզ կսիրեմ և ձեռքես եկած պաշտպանությունն ալ չեմ զլանար, հանրագրության գաղափարը հղացա ու քեզի հաղորդեցի, բայց դուն արդեն մտածեր ես եղեր, վնաս չունի, միայն թե տեսար որ քեզմով կհետաքրքրվիմ կոր…

− Այո՛, սակայն ինծի ձեր ստորագրությունը պետք է,− պնդեց պարոն Թորգոմ։

− Մեկ հատ մը էվել մեկ հատ մը պակաս՝ կարևորություն չունի, 300 ստորագրության տեղ, թող 299 ըլլա։ Ի՞նչ կըլլա,− պատասխանեց Սիմոն աղա։− Մինչև հիմա քանի՞ ստորագրություն հավաքեցիր։

− Դեռ բան մը չեմ հավաքած։

− Էն առաջ ինե՞ սկսար…

− Այո՛,− կակազեց պարոն Թորգոմ։

− Էյ աշք օլսուն սանա:

− Ի՞նչ կա որ…

− Ըսել է դուն մասնավոր դիտավորություն մը ունեիր իմ գլուխս փորձանքի բերելու։

− Ինչո՞ւ համար։

− Չե՞ս գիտեր, որ ես երբեք ատանկ բաներու տակ ստորագրություն չեմ դներ:

− Չէի գիտեր։