− Անանկ է նե իմզադ դիր նայինք։
− Ես գրել կարդալ չեմ գիտեր։
− Մեոհյուրդ կոխե։
− Մեոհյուրս քովս չէ։
− Վնաս չունի, թող վաղը ըլլա։
− Պեն էոյլե խամուր իշլերինե գարըշմամ,− պատասխանեց սրճարանապետը հեռանալով երկու երիտասարդներու քովեն։
− Ես անոր ստորագրել կուտամ,− խոստացավ Սիսակ։
− Եղբա՛յր, փոխանակ ուրիշները համոզելու, նախ դուն ստորագրե,− պնդեց ուսուցիչը։
− Ինծի մի ստիպեր, ես չեմ կրնար ստորագրել, անձնական շահուս կդպչի։
− Ինչո՞ւ համար։
− Որովհետև մեր վաճառատան տերը Մարգար էֆ-ին բարեկամն է, հիմա հասկցա՞ր… ամեն բան ըսել մի տար ինծի։
− Այդ տարբեր բան,− պատասխանեց ուսուցիչը,−քանի որ անձնական նկատումներ ունիս, չեմ ուզեր, որ իմ պատճառովս վնասի ենթարկվիս։
− Ես անանկ բաներու կարևորություն չեմ տար, բայց ի՞նչ ընեմ, սպիպված եմ։
− Չեմ մեղադրեր քեզի։
− Հավատա, որ եթե ուրիշե կախում ունեցող մեկը չըլլայի, ոչ թե միայն կստորագրեի, այլ թուղթը գրպանս կդնեի և ես դուռնե դուռ պտտելով ստորագրություն կհավաքեի։
− Գիտեմ այդպես ըլլալը։
− Ես քեզ եղբոր պես կսիրեմ, կյանքս ուզես՝ կզոհեմ քեզի համար… գնա ծովը նետվե ըսե՛, նետվիմ, բայց դժբախտաբար անկախ չեմ։
− Ինչ որ է, վնաս չունի,− ըսավ ուսուցիչը,− հարկավ թաղին մեջ 40-50 հոգի պիտի գտնեմ, որոնք չպիտի մերժեն ստորագրել, արդեն այդչափը բավական է ինծի։
− 40-50 ստորագրության խո՞սքը կըլլա,− գոչեց Սիսակ,− 405-500 կրնաս հավաքել… Միրիճան աղային գացի՞ր․․․
− Չէ՛, եղբայր չէ՛, դեռ մարդու չգացի,− գոչեց Թորգոմ անհամբեր դեմքով մը։
− Մի բարկանար, բարեկամս, ես քեզ սիրելուս համար է, որ կհարցնեմ,– ըսավ Սիսակ սրտմտած,− կուզես գնա, կուզես մի