Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիսակ հետզհետե 20-ի չափ անուններ հիշեց և ստիպեց իր բարեկամը, որ անոնց դիմում ընե անպատճառ։ Ուսուցիչը խոստացավ, հետո իր բարեկամին դառնալով ըսավ.

− Հիմակուհիմա դուն ստորագրե գոնե…

− Ճանըմ, դուն ինծի թող հիմա,− ըսավ Սիսակ։

− Ինչո՞ւ համար, դուն ալ թաղեցի չե՞ս։

− Թաղեցի եմ, բայց խնդրին մեջ ուրիշ բան կա… Թագվոր էֆ-ին ալ գնա, անպատճառ կստորագրե։

− Հարկավ պիտի երթամ… դուն մեյ մը քու ստորագրությունդ դիր տեսնեմ…

− Դուն ինծի ձգե, կըսեմ կոր,− պնդեց Սիսակ։

− Բայց պատճառը բացատրե գոնե։

− Ամեն բան չեմ կրնար ըսել քեզի… իմ ստորագրելս հարմարություն չառներ… Ղահվեճի Մինասին ստորագրել տվի՞ր․․․

− Չէ՛ տակավին։

− Աղեկ միտքս եկավ, սա մեր Կուռնիկ աղային ստորագրել տանք։ Կուռնիկ աղան տերն էր այն սրճարանին, ուր նստած էին։

− Կուռնիկ աղա, քիչ մը հոս եկո՛ւր,− գոչեց Սիսակ։

Սրճարանատերը 40 տարեկան, թավ բեխերով, հաղթանդամ մարդ մը, մոտեցավ։

− Թուղթդ հանե,− հրամայեց Սիսակ ուսուցչին, որ իսկույն կատարեց հրամանը։

− Սըտեղ ստորագրություն մը Կուռնիկ աղա,− ըսավ երիտասարդը։

Սոխախը խալտըրըմ շինել տալու համա՞ր է,− հարցուց սրճարանապետը։

− Չէ, ճանըմ։

− Նոր մխթարի՞ն համար։

− Չէ՞, Կուռնիկ աղա, անանկ բան չէ, մեր մյուսյու Թորգոմին համար է։

− Ի՞նչ եղեր է որ…

− Ճանըմ, նոր թաղականները զինքը դպրոցեն հաներ են, մենք ալ հիմա իմզա կժողվենք կոր քի, իլլե անիկա տնօրեն կուզենք… չիմացա՞ր, որ մյուսյու Թորգոմը դպրոցեն հաներ են։

– Իմացա, հելե շատ էլ ցավեցա,– պատասխանեց Կուռնիկ աղա։