− Մեր Տիրանը, այսինքն առջի գրագիրս մեկնեցավ քովես, անոր պաշտոնը պարապ մնացած է, եթե երբեք անգործ մնաս, քեզ անոր տեղը կդնեմ՝ լմնցավ գնաց։
Վաճառականին այս խոսքերը շլացուցին պր. Թորգոմը։
− Բայց ինչո՞ւ այսօրվընե այդ պաշտոնին մեջ շհաստատվիմ,− հարցուց,− քանի որ այդքան բարյացակամություն ունիք իմ մասին։
− Նախ սա հանրագրության գործը լմնցուր, հետո դյուրին է։
− Ուրեմն հիմա խորհուրդ կուտաք, որ պաշտոնի համար ուրիշ տեղ դիմում չընե՞մ։
− Ոչ թե խորհուրդ կուտամ,− պատասխանեց Պողոս էֆենտի,− այլ նույնիսկ կստիպեմ, որ հիմա ետ դառնաս և սա հանրագրության գործով զբաղիս։
− Միայն թե չեմ գիտեր, որ պիտի կրնա՞մ հաջողել,− ըսավ պր. Թորգոմ վարանումով մը։
− Ինչո՞ւ կկասկածիս այդ մասին։
− Ի՞նչ գիտնամ, մեր թաղեցիները տարօրինակ մարդիկ են։
− Բայց դուն ըսիր, որ քեզի համար քանի մը հարյուր ստորագրություն հավաքելը բան մը չէ։
− Բան մը չէ, բայց աշխատելու է։
− Աշխատե էֆենտիմ, ուրիշին համար չպիտի աշխատիս, զարմանալի բան, արժանապատվությունդ փրկելու համար պիտի աշխատիս։
− Այնպես է,− խոստովանեցավ ուսուցիչը։
Պողոս էֆենտի քիչ մըն ալ հորդորեց ուսուցիչը և երբ տեսավ, որ բոլորովին իր խոսքերուն համոզված էր, բաժնվեցավ անկե, պատվիրելով, որ քանի մը օրեն գար զինքը տեսներ։
− Եթե կուզեք, հիմակվընե պաշտոնիս սկսիմ,− ըսավ պր. Թորգոմ,− թե գործիս կնայիմ և թե հանրագրությունն ալ ստորագրել կուտամ։
− Չըլլա՛ր, էֆենտիմ, չըլլար,− պատասխանեց վաճառականը,− երկու գործ մեկեն չես կրնար ընել… պաշտոնդ չի փախիր կոր, հոն կեցեր է…
− Շնորհակալ եմ։
Ուսուցիչը վերադարձավ իր գյուղը։
− Ավելի լավ է առևտրական ասպարեզին մեջ հաստատ գործ