Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Պողոս էֆենտիին պետք է դիմել,− մտածեց,− հարկավ կվճարե, մանավանդ որ ուզած գումարը բան մը չէ…

Հետո բարձր ձայնով ըսավ։

− Վաղը քեզի վերջնական պատասխան մը կուտամ։

− Թող վաղը ըլլա,− պատասխանեց Ճանիկ։− Օր մը աոաջ, օր մը ետքը կարևորություն չունի։

− Վաղը հույս ունիմ պետք եղած գումարը վճարել, այսինքն 300 ղուրուշը։

− 600,− շեշտեց մյուսը։

− Մնացածը հետո պիտի վճարենք,− դիտել տվավ Թորգոմ։

− Այո՛, բայց քովդ պատրաստ գտնվելու է… ասկե զատ, բացառիկ ծախքերու համար ալ օրական մեճիտիե մը պիտի տաս։

− Ի՞նչ բացառիկ ծախք,− գոչեց ուսուցիչը։

– Եղբայր, ստորագրություն հավաքելը դյուրի՞ն բան կկարծես կոր, ահա դուն քանի՞ օր է կաշխատիս կոր, հազիվ մեկ ստորագրություն մը կրցար դնել տալ, ան ալ ո՞վ է, պալըխճի Համբիկը, չըլլա նե՝ ավելի աղեկ։ Պետք է հոս ու հոն երթալ, սրճարանը պտտիլ, խոսիլ, համոզել, մեկուն սուրճ մը հրամցնել, մյուսին նարկիլե մը խմցնել, ուրիշներուն օղի բերել տալ, ձեռքիդ մեկը միշտ գրպանդ պիտի ըլլա, ես օրական մեճիտիե մը ըսի թեև, բայց այդ ալ քիչ է… ինչ որ է, վստահ եմ, որ ես գրպանես վրա պիտի տամ, բայց կարևորություն չունի, բավ է, որ սա գործդ հաջողցնենք, քեզ պաշտոնիդ մեջ հաստատենք, թաղականներուն բիթը ճզմենք։ Միայն թե կրկին կըսեմ, իբրև բացառիկ ծախք օրական մեճիտիե մը կառնեմ, գործիդ կուգա նե… ես բռնի գործ չեմ տեսնար։

− Այդ բացառիկ ծա՞խքն ալ կանխիկ պիտի վճարվի,− հարցուց ուսուցիչը։

− Կարճ խոսք մը ըսե՞մ,− պատասխանեց Մեռոնսըզ Ճանիկ,– կանխիկ 400 ղուրուշ կուտաս, գործի կսկսինք։

− Լավ, վաղը իրիկուն ես կուգամ քեզի կտեսնեմ։

− Բայց առանց դրամի մի գար, որովհետև օգուտ չունի։

− Դրամը պիտի բերեմ, միայն դուն ալ խոստացիր, որ գործը պիտի հաջողցնես։

− Ինծի Ճանիկ կըսեն, երբոր գործ մը վրաս առնեմ, կկատարեմ, ասկե զատ ձեռքես չեկած բանին մեջ չեմ մտնար։