բանս, գործս պիտի ձգեմ օրերով այս հանրագրության ետևեն պիտի իյնամ… ասիկա կես ժամեն ընելիք բան մը չէ․․․ սրճարանե-սրճարան, տունե-տուն պտտելու, մարդ տեսնելու, բերան հոգնեցնելու, համոզելու, մեկուն անուշ, մեկուն կծու խոսքեր ըսելու է․․․ վերջապես ծանր գործ մըն է…
− Իրավունք ունիս, բայց դժբախտարար ես դրամ չունիմ։
− Այդ տարբեր բան, այն ատեն խոսքը գոցենք, իբր թե իրարու բան մը չըսինք, և Ճանիկ ոտքի ելլելու շարժում մը ըրավ։ Ասիկա ուսուցչին գործին չեկավ։ Հազիվ իրեն պետք եղած մարդը գտած էր, և ահա, անիկա խույս տալու կպատրաստվեր։
− Նստե՛, եղբայր,− ըսավ,− քիչ մըն ալ խոսինք։
− Ավելորդ խոսքերեն օգուտ մը չկա,− պատասխանեց մյուսը,− ժամավաճաոություն է…
− Թերևս համաձայնության մը կրնանք գալ։
− Առանց դրամի համաձայնություն կարելի չէ, այս գործը խաթեր համար ըլլալիք բան չէ… խաթեր համար եթե կուզես իմ ստորագրությունս դնեմ հանրագրության ներքև։
− Ըսե տեսնենք, ի՞նչ կպահանջես կոր…
− Ատիկա գործին տևողութենեն կախում ունի։
− Ինչպե՞ս,− հարցուց ուսուցիչը։
− Բացեիբաց խոսի՞մ, օրական երեք մեճիտիե կառնեմ, եթե 6 օրեն լմննա 360 ղուրուշ կուտաս, եթե տասը օրեն լմննա 600 ղուրուշ։
− Շատ չէ՞, Ճանիկ աղա։
− Իմ օրականս այս է, ատկե պակաս գնով չեմ կրնար աշխատիլ․․․ աս ալ քեզի համար։ Եթե ուրիշ մեկը ըլլար, կրկինը կպահանջեի։
− Բայց ես այդչափ դրամ չունիմ քովս։
− Այն ատեն պարապ տեղը կխոսինք կոր։
− Թերևս կարենամ տեղե մը ճարել։
− Այդ քու գիտնալիք բանդ է։
− Դրամը՝ ստորագրությունները հավաքելե ետքը պիտի վճարեմ անշուշտ։
− Իբրև կանխավճար 300 ղուրուշ պիտի տաս։
Ուսուցիչը պահ մը մտածեց։ Իրավ, իր քովը կար քանի մը հարյուր ղուրուշ, բայց եթե այդ գումարը Ճանիկի ձեռքը տար, ինք բոլորովին բացը պիտի մնար։