Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ատեն-ատեն ծանոթներու կողմե եղած հանձնարարություններն ալ շատ ոչինչ բաներ էին։ Հիմա Ֆերիգեղ՝ փայտաշեն փոքրիկ տուն մը վարձած էր, վեց մեճիտիեի և լավագույն սենյակն ալ տված էր երիտասարդի մը, որ իր հանգուցյալ ամուսնույն բարեկամն էր, և իրեն ալ ծանոթ։ Երիտասարդը սենյակի վարձքի ու լվացքի համար 120 ղրուշ կվճարեր, որով տան վարձքեն ազատված էր ինք։ Իսկ սնունդը, հազիվհազ անոթի չմնալու չափ բան մը կրնար ձեռք բերել իր ձեռագործի աշխատությամբը:

Ու հեգ մանկամարդ կինը, իր այս տվայտանքին մեջ, մեկը չուներ օգնական կամ խրատատու։ Հայրը արդեն մանկության հասակին կորսնցուցած էր, իսկ մայրը չորս տարիե ի վեր մեռած: Ամուսնացած քույր մ’ուներ Պուլկարիա հաստատված և որմե նյութական ակնկալություն չէր կրնար հուսալ։

Իր միակ բարեկամն ու խորհրդակիցը պ. Գարեգինն էր, երիտասարդ վարձակալը, որ երբեմն շատ նեղ պարագաներուն, քանի մը ղրուշի օգնություն մը կըներ իրեն։ Այս անձուկ վիճակին մեջ նոր անակնկալ դժբախտություն մըն ալ ունեցած էր։ Աղջիկը՝ Սիրվարդ, ահռելի տենդով մը պառկեր էր, խոլական երկյուղներու մատնելով զինքը։ Բժիշկը հայտարարած էր, որ հարկ էր մեծ զգուշությամբ խնամել։ Սաթենիկ ամբողջ ամիս մը անքուն հսկած էր զավկին քով, ու վերջապես հաջողած էր մահվան ճիրաններեն փրկել զայն։ Բայց խեղճ աղջիկը շատ տկար ինկած էր, կաշին ու ոսկորը միայն մնացած, քալելու, շարժվելու կարողություն չուներ։

Բժիշկը հանձնարարած էր, որ լավ սնունդ առնե, առատ կաթ խմե, պաղեն զգուշանա։ Եվ թշվառ մայրը տասը փարա չուներ գրպանը։ Հիվանդության միջոցին Գարեգին կրցածին չափ նյութական օգնություններ ըրած էր, դեղի ու բժշկի դրամները վճարած էր, բայց այն ալ մեծ կարողություն մը չուներ, վաճառականի պարզ գրագիր մըն էր, 5-6 ոսկի ամսականով։

Խեղճ մայրը խելահեղ, շվարած չէր գիտեր ուրկե օգնություն հուսալ։ Այդ տագնապի վայրկյաններուն, դրացուհիները խորհուրդ տվին Աղքատախնամին դիմելու, որ ըստ իրենց ըսածին, այնքան անարժաններու առատ-առատ նպաստներ էր բաշխեր։

Սաթենիկ նախ ընդվզեցավ։ Մինչն այդ օրը, հակառակ իր կրած անտանելի անձկություններուն, երբեք մտքեն անցուցած չէր այդպիսի դիմում մը, որ նվաստացում մը կհամարեր իր արժանապատվության համար։ Բայց ճար չի կար, մանկուհին սնունդի