Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պետք ուներ, եթե ոչ բժիշկը սպառնացեր էր, չէր կրնար դիմանալ, փոքրիկ զանցառություն մը կրնար մահաբեր ըլլալ։

− Ինչո՞ւ չերթաս-չուզես,− կխրատեին դրացուհիները,− դեռ քու վիճակեդ շատ ավելի աղեկ վիճակ ունեցողները կերթան կարձանագրվին կոր, հաց, ածուխ, կաթ, զգեստ կառնեն կոր․․․ քիչ մըն ալ քեզի տան։

Վերջապես իր աղջկան սիրույն համար Սաթենիկ հանձն առած էր Աղքատախնամին դիմելու։

Առտուն կանուխ, ձյունին տակ քալելով, Ֆերիգյուղեն մինչև Բերա, Ս. Երրորդության եկեղեցին եկեր էր ու Աղքատախնամին տեղը հարցուցեր էր բանկալը նստող ծերունիի մը։

− Ժամուն ձախ կողմեն շիտակ գնա, հոն դիմացդ դուռ մը կելլա, ներս մտիր, սանդուխեն վեր ելիր, կտեսնաս,− պատասխանած էր մարդը։

Հիմա, հոն կծկված ժամերե ի վեր, այդ արհեստով մուրացկաններու բազմության մեջ, որոնք իրարու հետ կվիճաբանեին ու կկռվեին, ժամ առաջ ներս խուժելու և նպաստի մեծագույն բաժինը հափշտակելու համար։

Ինք քանի մը անգամ փորձած էր կամաց մը դուռը բանալու ու ներս մտնելու, բայց դռնապանը բրտորեն ետ հրեր էր զինքը։

− Սպասե՛, փաթլամիշ չես ըլլար կոր ա՜…− պոռալով երեսին։

Բոլոր այս սպասումը, ստորնացումը, նախատինքը այնքան զինքը հուզած ու ջիղերը թունդ հանած էին, որ վայրկյան մը ուզած էր ձգել փախչիլ, ինքզինքը փրկել այդ անտանելի կտտանքներեն։ Բայց հեգ Սիրվարդին տժգույն և երիթացած դեմքը հանկարծ ցցվեր էր իր առջև, անմեղ մանկուհին, որ կաթի ու կրակի կսպասեր․․․ և գամված մնացեր էր իր տեղը։

Նպաստընկալները հետզհետե կհեռանային, քիթերնուն տակեն մռլտալով և բողոքի տրտունջներ բարձրացնելով տրված նպաստին քանակին դեմ։

Երբ վերջին ծերուկն ալ մեկնեցավ, անթացուպով քալող յոթանասունամյա մարդ մը, Սաթենիկ ոտքի ելավ, պատրաստվեցավ ներս մտնելու, դուռը կամաց մը զարնելե ետքը։ Բայց դռնապանը կրկին տնկվեցավ իր դեմը։

− Քիչ մը սպասե ըսինք ա, աս ի՞նչ էտեպսիզություն է․․․