Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի վիճակի չեմ վճարելու… եթե դրամ ունենայի, ձեզի բնավ խոսքն անգամ չէի ըներ:

− Գիտեմ այդպես ըլլալը, ի՞նչ պիտի տրվի ան ըսե՛…

− Առ այժմ հինգ ոսկի,– կմկմաց ուսուցիչը։

− Առ այժմ,− գոչեց Պողոս էֆ,− ի՞նչ կնշանակե ատիկա…

− Այսինքն գործը լմնցնելե ետքն ալ պզտիկ վճարում պիտի ընենք…

− Բայց այդ գումարը շատ չէ՞…

− Ես ալ նույն դիտողությունն ըրի, բայց հետո համոզվեցա, որ շատ չէ, որովհետև բացառիկ ծախքեր ալ կան ըլլալիք։

− Ի՞նչ բացառիկ ծախք։

Ուսուցիչը բացատրեց, ինչ որ ըսած էր Ճանիկ։

− Անանկ է յա,− հավանություն տվավ Պողոս էֆ,− միայն թե նորեն շատ դրամ է 10 ոսկին, գործի մը համար, որուն հաջողությանը ապահով չենք։

− Այդ մասին բնավ կասկած մի ունենաք, հանրագրությանը պիտի ստորագրվի,− հավաստեց պր. Թորգոմ։

− Դուն կերաշխավորե՞ս։

− Անշուշտ, ասկե զատ ձեր տալիք դրամը պարզ փոխառություն մը պիտի ըլլա։

− Ինչպե՞ս…

− Այդ գումարը ես ձեզի պիտի վերադարձնեմ մաս առ մաս, երբոր պաշտոնս սկսիմ ձեր քով։ Օրինակի համար ամսականիս քառորդը ատոր կհատկացնենք։

− Ատիկա դյուրին է, միայն թե գործը հաջողեր։

Եվ վաճառականը քովը դրված դրամարկղը բացավ և հինգ ոսկինոց պանքնոտ մը տվավ ուսուցչին։

− Նայե, որ գործը հաստատ հիման վրա դնես,− խրատեց,– ես քու տեղդ ըլլամ ամբողջ դրամը այդ մարդուն չեմ հանձներ… առ այժմ ոսկի մը կուտամ, թող 10-12 ստորագրություն հավաքե, անկե ետքը դարձյալ ոսկի մը կառնե։

− Կջանամ ձեր ըսածին պես ընել,– պատասխանեց ուսուցիչը։

− Քանի՞ օրեն կխոստանաս կոր գործը լմնցնելու։

− Առ առավելն 10 օրեն։

− Եթե երկու շաբաթը անցնի՝ ալ բանի մը օգուտ չըներ։

− Ես գլխուն վրա պիտի հսկեմ։