Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ինչպե՞ս,− հարցուց պրն. Թորգոմ։

− Նախ, քեզի առաջարկված պաշտոնը կընդունիս և հետո այդ հանրագրությունդ կպատռես, այն ատեն ես ալ կհամոզեմ մեր ընկերները, որ իրենց հանրագրությունը պատռեն և խնդիրը մեջտեղեն վերնա։

− Ես արդեն չէի ուզեր այս տեսակ խնդիրներ հարուցանել, բայց դուք տեղի տվիք, այսինքն Թաղական Խորհուրդը։

− Թաղական Խորհուրդը իր իրավունքին մեջն էր… իր փափաքն էր պարզապես թաղին վարժարանը բարեկարգել։ Հիմա դուն ինծի ըսե, որ առաջարկությունս կընդունի՞ս։

− Պետք է խորհիմ այդ մասին, կամ մանավանդ բարեկամներու կարծիքը առնեմ,− պատասխանեց Թորգոմ խուսափողական ձայնով մը։

− Լավ, քանի որ ինքզինքիդ տեր չես և ուրիշներուն խորհուրդով ստիպված ես շարժելու,− ըսավ Սուսերյանց հեգնորեն, քեզի երկու օր պայմանաժամ կուտամ։

Այս խոսքերը քիչ մը վշտացուցին ուսուցիչը, բայց ջանաց հայտնի չընել։

− Կխորհինք այդ մասին,− ըսավ և հեռացավ իր նախկին ընկերոջ քովեն։

Այս հանդիպումը և իրեն ըրած անակնկալ առաջարկը խռովեցին Թորգոմի միտքը։

− Արդյոք առաջարկված պաշտոնը ընդունիմ և վե՞րջ տամ պայքարին,− մտածեց։

Իրեն այնպես կթվեր, թե իր ներկայությունը վարժարանին մեջ անհրաժեշտ դատված էր և այս բանը կգգվեր իր ինքնասիրությունը։

− Կերևա, որ հասկցեր են, թե առանց ինծի կարելի չէ դպրոցը վարել…

Մինչև իրիկուն Թորգոմ այս անուշ երազովը օրորվեցավ։ Հանկարծ միտքը եկավ Ճանիկի հետ ըրած ժամադրությունը։

Ճանիկ արդարև անհամբեր իրեն կսպասեր և երբ ուսուցիչը տեսավ, ուրախությամբ գոչեց։

− Վերջապես եկար… ո՞ւր մնացիր մինչև հիմա։

− Կարծեմ շատ ուշ մնացի։

− Չէ՛, բայց ես վախցա, որ չես գար։ Ի՞նչ ըրիր տեսնենք, դրամ ճարեցի՞ր։