− Ամենքն ալ շնորհքով, պատվավոր մարդիկ, ես իմ գործս չե՞մ գիտեր… քանիներ ստորագրել ուզեցին և ես մերժեցի, աննշան մարդիկ ըլլալնուն համար… սա 150 ղրուշը տուր, ուշ մնացի։
− Հանրագրությունը ցույց տուր տեսնեմ։
− Անկարելի է։
− Ինչո՞ւ համար,− գոչեց Թորգոմ զարմացած։
− Քովս չէ, բարեկամի մը տված եմ, որ խոստացավ ինքն ալ 20-30 ստորագրություն հավաքել։
Այս բացատրությունը թեև ճշմարտանման, բայց չգոհացուց ուսուցիչը, որուն մտքին մեջ թեթև կասկած մը ծագած էր։
− Քեզի բան մը ըսե՞մ,− պատասխանեց,− 150 ղրուշը հոս գրպանս է և քու տրամադրությանդ ներքև, միայն թե այն ատեն պիտի տամ, երբոր հանրագրությունը մեյ մը տեսնեմ… թող վաղը ըլլա, վնաս չունի…
− Հասկըցա,− ըսավ Ճանիկ բարկությամբ ոտքի ելլելով,− մնաք բարով։
− Ինչո՞ւ կբարկանաս, բարեկամ,− հարցուց ուսուցիչը։
− Կբարկանամ, որովհետև իս ստախոս խաբեբայի մը տեղ կդնես կոր։
− Ես անանկ բան չըսի,− բողոքեց Թորգոմ։
− Անանկ ընթացք մը կբռնես կոր, իբր թե ես քու դրամդ առնելու համար խաղ կխաղամ կոր քեզի։
− Քավ լիցի, բայց…
− Պարապ խոսք մտիկ չեմ ըներ, ամեն մարդ պատիվ ունի… մնաս բարով։
− Կեցի՛ր, եղբայր, իրարու խոսք հասկնանք։
− Դուն ինծի երկու հարյուր ղրուշ չտվի՞ր։
− Այո՛,- կմկմաց Թորգոմ։
− Վաղը դրամդ ետ կբերեմ, հանրագրությունն ալ կերթամ կպատռեմ, լմնցավ գնաց… հանցանքը իմս է, որ քեզ պես մարդուն ծառայություն ընել ուզեցի, արյուն քրտինք մտա, հոգնեցա, լեզու թափեցի, աժեմ չաժեմ մարդոց խոսք հասկցնել, համոզել աշխատեցա․․․
− Եղբա՛յր, այդ խոսքերուն բնավ տեղը չի կա…
− Հանրագրությունը չտեսած բնավ դրամ չի տար եղեր…