Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սըվոր նայեցեք մեյ մը, գետնին տակն անցնին դրամդ ալ, հանրագրությունդ ալ…

Եվ Ճանիկ բարկաճայթ կերպարանքով մը դեպի դուռը ուղղվեցավ։

Թորգոմ շվարած՝ ետևեն վազեց, իր վերջին գերագույն հույսն էր, որ կսպառնար հեռանալու, Ճանիկի թևեն բռնեց, խնդրեց, աղաչեց, որ ետ դառնա։

− Թևս ձգե,− գոչեց մյուսը։

− Կաղաչեմ, ներե՛, ես քեզ վիրավորել չուզեցի։

− Ավելի աղեկ էր գլուխս բան մը իջեցնեիր, քան թե այդ խոսքը ընեիր։

− Եղբա՛յր, եթե գիտնայի որ պիտի բարկանաս՝ չէի ըսեր․ իմ միտքս քեզ վիրավորել չէր, միայն թե հետաքրքիր էի անգամ մը հանրագրությունը տեսնել…

Չաթլամիշ չես ըլլար ա…

− Անանկ է, ավելի աղեկ է, որ բոլոր ստորագրությունները հավաքելե ետքը, տեսնեմ, առ սա 150 ղրուշը։

− Չեմ ուզեր, ես այս գործեն վազ անցա,− պոռաց Ճանիկ, միշտ բարկություն կեղծելով։

− Կաղաչեմ,− մրմնջաց ուսուցիչը։

− Չէ՛, ըսինք ա․․․

− Կխնդրեմ, մի մերժեք, խոսք մըն էր բերնես փախցուցի… ներե՛։

Եվ Թորգոմ հարյուր հիսուն ղրուշը գրեթե բռնությամբ Ճանիկի գրպանը խոթեց։

− Ես ասանկ բան չեմ սիրեր,− ըսավ Ճանիկ,− ինծի հետ գործ ունեցողները պետք է որ վրաս կատարյալ վստահություն ունենան… Ես եթե այդ հանրագրության գործը վրաս առի՝ պարզապես քեզ սիրելուս համար էր և ոչ թե դրամ շահելու… տված դրամդ ամբողջությամբ կծախսեմ կոր ուրիշներու համար, եթե հաշիվ ընենք, թերևս գրպանես ալ վրա տված եմ։ Գուցե չես հավատար ըսածիս, բայց այս այսպես է։

− Կհավատամ, սիրելիս,− փութաց պատասխանել ուսուցիչր, որ չէր ուզեր նոր խնդիր մը ունենալ իր դյուրազգաց բարեկամին հետ։

− Այս 150 ղրուշն ալ որ առի՝ հիմա անմիջապես պիտի հանձնեմ այն մարդուն, որուն քով կգտնվի հանրագրությունը և որ խոստացավ