Եվ այս կասկածը հետզհետե սաստկացավ իր մեջը, մինչև որ իր թաղը հասավ։
− Պետք է որ միանգամ ընդմիշտ լուսաբանեմ այս կետը,− վճռեց։
Ասոր համար հարկ էր Ճանիկը գտնել և զայն ստիպել որոշ բացատրություն մը տալու։
Բավական դժվարին գործ մըն էր այս։ Մի առ մի պտտեցավ բոլոր այն սրճարանները, ուր սովորություն ուներ հաճախել Ճանիկ, բայց իզուր։
Բարեկամներ հարցուփորձեց և վերջապես իմացավ, որ հաճախ կգտնվեր հույն սրճարանի մը ետևի կողմը գտնվող սրահի մը մեջ, որ թղթախաղի հատկացուցած էր։
Դիմեց ցույց տված սրճարանը և արդարև հոն գտավ Ճանիկը, որ քանի մը ծանոթներու հետ թուղթ խաղալու զբաղած էր։
Երկու բարեկամները զիրար բարևեցին և Թորգոմ նստավ Ճանիկին քով։ Այս վերջինը այնքան զբաղած էր խաղով, որ բավական ժամանակ բնավ խոսք չուղղեց ուսուցչին։
Ի վերջո, պահ մը սիկարեթ վառելու համար թուղթերը վար դրավ և Թորգոմին ծռելով անտարբեր ձևով մը հարցուց․
− Ըսելի՞ք մը ունիս ինծի։
− Այո՛, անպատճառ կուզեմ քիչ մը հետդ տեսնվիլ,− պատասխանեց ուսուցիչը։
− Ի՞նչ բանի մասին։
− Սա մեր գործին մասին։
Ճանիկ թուղթերը կրկին ձեռք առավ և խաղը շարունակեց։
− Չե՞ս կրնար թուղթդ թողուլ,− ըսավ Թորգոմ։
− Չէ՛ ընկեր ունիմ,− պատասխանեց Ճանիկ,− եթե խոսելիք մը ունիս, խոսե՛։
− Կուզեի որ առանձին ըլլայինք։
− Վնաս չունի, ասոնք հույն են, հայերեն չեն գիտեր, ազատորեն կրնաս խոսիլ։
− Սա մեր խնդրին վրա տեղեկություն պիտի առնեի…
− Հոգ մի ըներ, կարգին է․․․
− Այո՛, բայց հանրագրության պետք ունիմ անպատճառ։
− Դեռ մյուսին քովն է։
− Մյուսը չե՞նք կրնար տեսնել, տեղը ո՞ւր է։
− Շիտակը տունը չեմ գիտեր։