Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Քո՞վդ է։

− Կեցիր, որ պատմեմ, ինչ անհամբեր մարդ ես, սա օղիդ խմե մեյ մը։

Ուսուցիչը ստիպվեցավ գավաթը պարպել, որպեսզի Ճանիկ ժամ մը առաջ իր բացատրությունը սկսի։

− Ծո՜, վա՜յ անպիտան մարդ,− գոչեց Ճանիկ,− երբեք մտքես չէր անցներ, որ ասանկ ապուշություն մը պիտի ընե։

− Որո՞ւ կակնարկես կոր,− հարցուց Թորգոմ։

− Խմե նայինք,− պատասխանեց Ճանիկ,− բարկութենես այս իրիկուն ինքզինքս խմելու տվի։

− Բայց դեռ չհասկցանք, թե խնդիրը ի՞նչ բանի վրա է,− ըսավ ուսուցիչը։

− Յոթը մեճիտիե ալ համրած չըլլամ իրեն,− շարունակեց Ճանիկ։

− Բայց որո՞ւ վրա է խոսքդ։

− Ճանըմ, քեզի չըսի՞ որ հանրագրությունը մեկու մը հանձնած էի, որ 30-40 ստորագրություն հավաքե։

− Այո՛, ըսիր և ճիշտ ատոր համար ալ եկա տեղեկություն առնելու։

− Ատոր համար 142 ղրուշ համրեցինք իրեն։

− Այդ ալ գիտեմ։

− Հարկավ գիտես, քանի որ դրամը դուն տվիր։

− Է՛յ, հետո ի՞նչ եղավ։

− Այս առտու մարդը ելավ եկավ…

− Աղեկ ուրեմն,− ընդմիջեց Թորգոմ,− կհուսամ հանրագրությունը հետը բերավ և քեզի հանձնեց։

− Մտիկ ըրե, եղբայր, բայց նախ սա գավաթը պարպե… այս առտվան պես տակավին կյանքիս մեջ բարկացած չունեի։ Քովս եկավ թե չէ «սա հանրագրությունը տուր նայիմ» պոռացի։ Ի՞նչ պատասխան տա նե կհավնիս․․․

− «Դեռ չեմ լմնցուցեր ստորագրելու գործողությունը»։

− Իցիվ թե այնպես ըլլար… «հանրագրությունը քովս չէ» չըսե՞ մի… «էյ ի՞նչ եղավ», հարցուցի, «Պատռեցին» պատասխանեց…

− Պատռեցի՞ն մի,– պոռաց Թորգոմ տեղեն ցատկելով։

− Ասիկա լսելուս պես,– շարունակեց Ճանիկ,– ինչ ըլլալս չգիտցա, ականջներուս չուզեցի հավատալ…