Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Շատ հուզվեցա…

− Կռի՞վ ըրիր, մեկու մը դե՞մ բարկացար։

− Չէ՛ ճանըմ, որո՞ւ հետ կռիվ պիտի ընեմ։

− Ուրեմն ի՞նչ եղավ…

− Մարգար էֆ., տեսնա՜ս, ի՜նչ խեղճություն, ի՜նչ թշվառություն, սիրտդ կտոր-կտոր կըլլա։

− Ո՞վ, որո՞ւ համար կխոսիս…

− Մարթային մասին․․․

− Մարթան ո՞վ է։

− Չես ճանչնար, կեցի՛ր որ բացատրեմ, Մարթա ըսածս մեր տունը ատենոք սպասուհի էր, իր ձեռքը մեծցած եմ… այս թաղը կնստի եղեր, չէի գիտեր։ Այսօր հանկարծ ելավ, եկավ։

− Էյ, ի՞նչ պատահեր է իրեն։

− Ինչ պիտի ըլլա, էրիկը մեկեն ի մեկ հիվանդ ընկեր է, բժիշկ բերեր են, նայեր, ըսեր է, որ աղեկնալիք բան չէ, բայց չի ալ մեռնիր, կքաշե…

− Ամենուն ալ կրնա պատահիլ ատանկ բաներ։

− Մարթան ըսես, ավուր հացի կարոտ, թշվառության մեջ, ինչ ընելիքը չիյտե կոր, ալ այնչափ լացավ, այնչափ լացավ, որ սիրտս չդիմացավ, շատ գեշ եղա։

− Քիչ մը դրամ տայիր,− ըսավ Մարգար էֆ. միշտ անտարբեր։

− Քանի մը ղուրուշ տվի, բայց ինչ օգուտ ունի, անոր ուզածը ուրիշ բան է… ալ ոտքերս ինկավ, այնքան աղաչեց, որ խոսք տվի խնդիրը կատարելու։

− Կուզե կոր որ Աղքատախնամեն ամսակա՞ն մը կապվի։

− Չէ՛,− պատասխանեց տիկին Սաթեն,− կուզե կոր, որ իր հիվանդ էրիկը հիվանդանոց գրվի։

− Հիմա հասկցա խնդիրը,− պատասխանեց Մարգար էֆենտի,− Թաղական Խորհուրդեն իր չքավորությունը հաստատող թուղթի մը պետք ունի։

− Ճիշտ գուշակեցի՛ր… աման, այդ թուղթը վաղը առտու պատրաստել տուր, սա կնկանը ձեռքեն ազատիմ, վաղը պիտի գա, խոսք տուր որ անպատճառ կըլլա։

− Ճանըմ, քանի որ աղքատ է՝ վկայական մը կգրենք, կուտանք, այդ դյուրին է, բայց նախ մեկ քանի ձևակերպություններ կան ըլլալիք, ուստի քանի մը օրեն թող գա թուղթը առնելու։