չպիտի բավականանա, ինքն ալ իր կողմե քննություն պիտի կատարե և եթե պզտիկ մնանք, ի՞նչ պիտի ընենք։
− Պարապ խոսքեր, մինչ հոս պիտի գար տե քննություն պիտի ըներ… պարզապես խոսքս կոտրելու համար դժվարություններ կստեղծես կոր…
− Ինչո՞ւ խոսքդ կոտրեմ, ե՞րբ բան մը ըսեր ես տե, չեմ կատարեր։ Չեմ ըներ կոր չէ, միայն թե օրինավորության սահմանին մեջ կուզեմ գործել։
− Խեղճ կնկանը քովը պզտիկ պիտի մնամ վաղը։
− Պզտիկ մնալու բան չկա։
− Պատվույս վրա խոսք տվի, որ թուղթը վաղը պատրաստ պիտի ըլլա…
− Երկու օր վերջը թող ըլլա․․․
− Աղջկանս գլխուն վրա երդում ըրի… արդեն միշտ կնայիս որ ամենուն քովը զիս խաղք ընես… առտըվնե ի վեր կրած հուզումներս բավական չէր, հիմակ ալ դուն կչարչարես կոր զիս…
Եվ տիկին Սաթեն սկսավ լալ, ջղաձգորեն ուսերը թոթվելով։
Մարգար էֆ. ստիպվեցավ խոստանալ իր կնոջ հետևյալ առտու վկայագիրը պատրաստելու՝ առանց քննության, տիկին Սաթեն հանդարտեցավ, արցունքները սրբեց և ըսավ.
− Հեմ կուզեմ, որ այս վկայականին տրվիլը մարդ չիմանա։
− Լրագիրներուն մեջ ծանուցում ընելու չենք ա… փեք-փեք թաղականները պիտի իմանան։
− Չէ՛, անոնք ալ իմանալու չեն։
− Գոնե Միհրանիկ էֆ. իբրև ատենադպիր պիտի իմանա, ինքն ալ պիտի ստորագրե։
− Չէ՛, Միհրանիկ էֆենտին բնավ իմանալու չէ,− գոչեց տիկին Սաթեն։
− Ինչո՞ւ համար,− հարցուց Մարգար էֆենտի զարմացած։
Տիկին Սաթեն անմիջապես չպատասխանեց, համոզիչ պատճառ մը կփնտռեր մտովի, առարկությունը արդարացնելու համար։
− Զարմանալի բան մը եղեր ես այս իրիկուն,− դիտել տվավ