Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարգար էֆ.− ինչո՞ւ չես ուզեր, որ Միհրանիկ էֆ-ն իմանա վկայական մը տրված ըլլալը։

− Պետք չէ որ իմանա, կըսեմ կոր,− պնդեց տիկին Սաթեն։

− Աղեկ, բայց պատճա՞ռը․․․

− Արժանապատվությանս կդպչի,− գոչեց Սաթեն։

− Առ քեզի նոր այլանդակություն մըն ալ,− պատասխանեց ամուսինը։

− Ոչ թե միայն իմ՝ այլ քու ալ արժանապատվությանդ կդպչի։

Մարգար էֆ. սկսավ քահ-քահ խնդալ։

− Խնդալու բան չկա,– գոչեց տիկին Սաթեն բարկությամբ,− չըսի քեզի, որ Մարթան ատենոք մեր տունը սպասուհի եղած էր։

− Ըսի՛ր, է՜յ ատկե ի՞նչ կելլա։

− Չեմ ուզեր, որ իմացվի, թե մեր նախկին սպասուհիին ամուսինը ձրիաբար հիվանդանոց դրեր ենք։

− Միհրանիկ էֆ. ի՞նչ գիտե, որ Մարթան ձեր քովը սպասուհի եղած է։

− Չգիտեր, բայց բերնե բերան կիմցվի։

− Խենթ խոսքեր։

− Եթե Միհրանիկ էֆ-ն անպատճառ պիտի ստորագրե՝ չեմ ուզեր, վազ անցա… արդեն կտեսնեմ կոր ինծի դեմ թշնամություն մը ունիս այս գիշեր…

− Խենթ խոսքեր մի ըներ…

− Արդեն ժամանակե մը ի վեր ընթացք բռնած ես ինծի հանդեպ․․․

Մարգար էֆ. չպատասխանեց։

− Օտարականի մը պես կվարվիս կոր հետս։

Մարգար էֆ. կրկին լուռ մնաց։

− Շունի չափ արժեք չունիմ աչքիդ առջև։

Մարգար էֆ. լռությունը շարունակեց։

− Պատճառն ալ կգուշակեմ կոր… ուրիշ կնկան խելք տված ես․․․ ինչ դժբախտ կնիկ եմ եղեր…

Եվ տիկին Սաթեն կրկին լալ սկսավ, Մարգար էֆ. անհամբեր կերպով մը սենյակին մեջ ժուռ գալ սկսավ, իր սիկարեթը քաշելով։ Տիկինին հեծկլտուքը հետզհետե կավելնար։