− Չեմ գիտեր… կարծեմ հիվանդանոց մը պիտի դնեին, կինս բաներ մը ըսավ, բայց միտքս չմնաց… շիտակը այդ մարդը զիս բնավ չհետաքրքրեր։
− Արդյոք ո՞ր հիվանդանոցը դնելու միտք ունին,− հարցուց Օհան էֆենտի։
− Աղբա՛ր, դուն ալ հիվանդանոցիդ համար հաճախո՞րդ ճարելու ելեր ես,– գոչեց Միհրան խնդալով։
− Չէ, հետաքրքրության համար կուզեմ հասկնալ։
− Իրավ որ չեմ գիտեր։
− Չե՞ս գիտեր,− գոչեց Օհան էֆ․ զարմացած։
− Չէ՛, չեմ գիտեր,− կրկնեց մյուսը ամենայն հանդարտությամբ։
− Չե՞ս գիտեր, որ արդեն հիվանդը մեր Ազգային հիվանդանոցը ղրկված է…
− Չեմ գիտեր, տեղեկություն չունիմ։
− Չե՞ս գիտեր, որ իբրև չքավոր վկայական մը տրված է ձեր Թաղ. Խորհուրդեն…
− Մեր Թաղ. Խորհուրդը ի՞նչ գործ ունի ատոր մեջ, Գալուստ աղան Խաս գյուղ կբնակի…
− Բայց տրված վկայականին տակ, իբրև ատենադպիր քու ստորագրությունդ կա։
− Իմ ստորագրությո՞ւնս,– գոչեց ափ ի բերան մնացած,– անկարելի բան է։
− Քու և ատենապետ Մարգար էֆ-ի ստորագրությունները և Թաղ. Խորհուրդի կնիքը։
− Խենթ բաներ կըսես կոր, Օհան էֆ,− պատասխանեց Միհրանիկ խնդալով։
− Խենթ բաներ մի՞… ա՛ռ նայե։
Եվ հոգաբարձուն անոր երկնցուց վկայագիրը։ Միհրանիկ առավ թուղթը, ուշադրությամբ կարդաց և ըսավ.
− Աս իմ ստորագրությունս կեղծ է, գիրը իմս չէ…
− Հապա Մարգար էֆենտիի՞նը։
− Անոր ստորագրությունը կեղծ չերևար կոր,− խոստովանեցավ Միհրանիկ,− ճիշտ իր գիրն է։
− Հապա կնի՞քը…
− Կնիքը մեր Թաղ. Խորհուրդի կնիքն է, ըսելիք չկա,− հաստատեց Միհրանիկ էֆենտի։