հուզում մը հառաջ բերած էր իր մեջ, որովհետև կենթադրեր, որ իր կնոջ մատը կար այդ կեղծարարության մեջ։
− Այդ Գալուստ Սիսակյանը ո՞վ հանձնարարեց Թաղ․ Խորհուրդին,− հարցուց Օհան էֆ, որ կնշմարեր իր դիմացինին հարաճուն հուզումն ու շփոթությունը։
− Թաղ. Խորհուրդը բանե մը տեղեկություն չունի,− խոստովանեցավ վաճառականը,− խաբվողը միայն ես եմ, եթե երբեք գործին մեջ խաբեյություն կա։
− Դեռ կկասկածի՞ս,− գոչեց հոգաբարձուն։
− Շիտակը հավատալս չի գար կոր։
− Ուրեմն ուղղակի քեզի՞ հանձնարարեցին հիվանդը, ըսելով, որ ձեր թաղը կբնակի և թե շատ աղքատ է։
− Այո՛,− մրմնջաց վաճառականը։
− Ո՞վ էր այդ անծանոթ խաբեբան։
Վաճառականը լուռ մնաց։
− Հետո թուղթը որո՞ւ հանձնեցի՞ր,− հարցուց Օհան էֆենտի։
− Անոր…
− Այսինքն հիվանդին համար միջնորդի՞ն։
− Այո՛…
− Էյ, ձեր կողմե քննություն մը չկատարեցի՞ր։
− Պետք չտեսա, եղբա՛յր, հանձնարարողը այնքան վստահելի մեկն է որ…
− Խայտառակին մեկն է ըսե՛ սըվոր։
− Այս գործին մեջ գաղտնիք մը կա, անպատճառ, պետք է լուսաբանել,- պատասխանեց վաճառականը։
− Քանի քանի անգամ հոգաբարձության կողմե գրեցինք Թաղ. Խորհուրդներուն, որ ներկայացած մարդուն վկայական չգրեն ու մեր վրա չղրկեն,− պոռաց Օհան էֆ. ոտքի ելլելով,− որո՞ւ կըսես․ պելան գլխերնեն տեֆ ընելու համար թուղթ մը կուտան ձեռքերնին, կղրկեն հիվանդանոց… հարցուցած ունի՞ն թե հիվանդանոցը ինչպես կդարձնենք կոր․․․ վազ կեչտիմ պեն պու իշտեն, հրաժարական պիտի տամ, պիտի քաշվիմ, դիմացվելիք բան չէ, հեմ հոգնե, հեմ գործեդ եղիր, անկեց ալ ասանկ խաղերու եկուր… տուներ, խանութներ ունեցող մարդը իբրև չքավոր հիվանդանոցին մեջ… հոշ վար չպիտի դնեմ ա, վաղը դուրս նետել պիտի տամ, ինչ կուզե թող ըլլա…