Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանըմ, մեկ երկու օր վար դրեք, մինչև որ խնդիրը լուսաբանենք,– ըսավ վաճառականը,– ես կկարծեմ, որ թյուրիմացություն կա գործին մեջ։

− Գործին մեջ թյուրիմացություն չկա, խաբեբայություն կա,− շեշտեց Օհան էֆենտի,− այդ անձը ով է նե, աղեկ քյուլահը անցուցեր է գլուխդ, ինչպես որ դուն ալ քյուլահը մեր գլխուն անցուցիր։ Ինչ որ է, ես կերթամ կոր, այսօր վաղը խնդիրը լուսաբանելու է, գիտցած եղեք, որ հիչ չեմ նայիր, դուրս կնետեմ հիվանդնիդ…

Օհան էֆ-ի բաժանումեն քանի մը վայրկյան վերջ վաճառականը ջղագրգիռ դրությամբ մեկնեցավ գրասենյակեն և ուղղակի տուն գնաց։

− Հանըմը հո՞ս է,− հարցուց տան դուռը բացող սպասուհիին։

− Այո՛,− պատասխանեց այս վերջինը։

− Մինա՞կ է։

− Չէ, տիկին Նվարդը հոս է։

Մարգար էֆ․ դժգոհության շարժում մը ըրավ։ Ինք կփափաքեր կինը առանձին գտնել և իսկույն բացատրություն պահանջել, հիմա ստիպված էր սպասելու, որ տիկին Նվարդ մեկնի, որովհետև չէր ուզեր, որ Սաթենը ոևէ կերպով պզտիկ մնար իր բարեկամուհիին քով։

Վեր ելավ և ուղղվեցավ երկու կիներուն գտնված սենյակը։

Հազիվ քառորդ մը ետքը Միհրանիկ էֆ-ն ալ եկավ։ Տիկինները բարևելե ետքը՝ վաճառականին դարձավ և այլայլած շեշտով մը հարցուց.

Ճանըմ, ի՞նչ է այս վկայականին խնդիրը…

− Ի՞նչ վկայական,– ըսավ վաճառականը չգիտնալ ձևացնելով։

− Հիվանդի մը համար չքավորություն հաստատող վկայական մը տրվեր է մեր Թաղ․ Խորհուրդին կողմե…

Երկու կիները, որոնք ջերմ խոսակցության մը բռնված էին իրարու հետ, հանկարծ լռեցին և ուշադիր հետևեցան երկու մարդոց խոսակցության։

− Ես ալ կուզեմ այս խնդիրը լուսաբանել,– ըսավ վաճառականը։