Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամիսներ ետքը, երբ Եգիպտոս կերթայի, շոգենավին մեջ աղոթքի մը պես կըսեի մտքես. «Ա՜խ, իցի՜վ թե սատանան զիս արտասահմանի գործիչի մը դեմ հաներ»։

Աստուծմե հույսս կտրած ըլլալով, ժամանակե մը ի վեր, երբ խնդիրք մը ունենամ, ուղղակի սատանային կդիմեմ։ Արդ, դուք ալ անանկ ըրեք, որովհետև, երբ Ալեքսանդրիա ելա ու հարցուցի, թե արտասահմանի գործիչ մը կա՞ր քաղքին մեջ՝

− Հապա՜,− պատասխանեցին միաձայն։

− Ո՞վ է։

− Կակայանցը։

− Կովկասցի՞ է։

− Այո՞։

Պարագաներ կան, ուր մարդ որ չափ ալ պաղարյունությունը պահել ուզե՝ չի կրնար իր խանդը զսպել։ Գլխարկս օդը նետեցի ու գոչեցի.

− Կեցցե համերաշխ գործունեություն։

Կհասկնաք անշուշտ, որ ուրախությունս չափ չուներ, գտած էի արտասահմանի գործիչ մը և անիկա կովկասցի՜ էր… այսինքն՝ փնտռած տիպարիս կատարելագործյալը։

Գալով արձակած բացագանչությունս՝ կարծեմ անհրաժեշտ է բացատրություն մը տալ, քանզի ընթերցողը կրնա տարօրինակ կամ անհարկի նկատել «կեցցե համերաշխ գործունեություն»-ը։

Նախ ըսեմ, որ հայերու ժամադրավայր եղող սրճարանի մը մեջ կգտնվեի և հետո նույն օրը հասած էի Ալեքսանդրիա, այնպես որ չէի ճանչնար տակավին սեղաններուն շուրջը հավաքված ու նարտ խաղալու զբաղած պատվարժան անձերան տրամադրություններն ու կարծիքները։ Վախեցա, որ մեծամասնությունը թշնամանած կըլլամ գուցե, եթե «կեցցե՛ հնչակ» կամ «կեցցե՛ Դրոշակ», կամ «կեցցե՛ միություն», կամ «կեցցե՛ հեղափոխություն» պոռամ, մինչդեռ համերաշխ գործունեությունն այն գեղեցիկ, առաձգական ու անիմաստ բանաձևերեն մեկն է, զոր կարելի է գործածել առանց վիրավորանքներե կասկածելու։

«Կեցցե՜ համերաշխ գործունեություն»։

Ահա բացագանչություն մը, զոր կրնաք արձակել ամեն վայրկյան ու ամեն տեղ, հեղափոխականներու կամ պահպանողականներու, վաճաոականներու, կամ ավազակներու խմբի մը մեջ հավասարապես։