Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն «կեցցե»-իս արդյունքն անմիջական եղավ և անգամ մըն ալ հաստատեց զիս այն համոզումին մեջ, թե անիմաստ խոսք մը միշտ լավագույն ազդեցությունը կընե ամբոխին վրա։ Քանի մը սեղաններե հրավերներ ուղղվեցան ինծի։ Ընդունեցի մոտավորագույն սեղանին հրավերը, որուն քով նստած էին երկու տարիքոտ անձեր։

− Համերաշխ գործունեությո՛ւն,− ըսավ մին, աթոռ մը ցույց տալով ինծի,− այո՛, ճիշտ ասիկա է, որ կպակսի մեզի, մատերնիդ բուն վերքին վրա դրիք։ Նո՞ր եկաք Ալեքսանդրիա։

− Այս առտու։

Խոսակցության սկսանք, մինչ հետզհետե մյուս սեղաններեն մարդիկ անջատվելով կուգային կմիանային մերինին, նոր հասած օտարականի մը հրապուրանքեն բռնված։

− Կակայանցն ո՞ւր է, հոս չի՞ գար,− հարցուցի միջոց մը։

− Կուգա, բայց իրիկունն ուշ ատեն, ցերեկները կքնանա։

− Ի՞նչ գործ կընե հոս։

− Բան մը չըներ․ հեղափոխական է։

− Ձգեցե՞ք սա պարապ մարդը,− գոչեց ներկաներեն մին, որուն անմիջապես ուրիշ ձայն մը պատասխանեց.

− Կներես, պարոն Կակայանցը պարապ մարդ չէ։

− Շատախոսին մեկն է։

− Շատ կխոսի, այո՛, բայց տրամաբանությամբ կխոսի։

Ու ահա՛ վիճաբանությունը տաքնալ սկսավ։ Իբրև նորեկ և խնդրի առարկա եղող անձին բոլորովին անծանոթ, բնականաբար իմ դերս բացարձակ չեզոքութենե տարբեր բան չէր կրնար ըլլալ։ Լռեցի և թող տվի, որ կիրքերը խոսին։

− Մարդը շեն-շնորհք համալսարանական է, հինգ տարի Ժնև մնացեր է։

− Ան ըսավ, դուն ալ հավաացի՞ր։

− Եղբայր, ալպոմ մը ունի քովը, մեջը բոլոր ժնևի պատկերները կան։

− Ազեկ գործ մը գտանք իրեն, ֆրանսերեն քննություն մը չկրցավ տալ, որ ընդունվեր․ ա՞տ է համալսարանականդ։

− Դուք ի՞նչ հաստագլուխ մարդիկ եք, լեզվագիտությունն ուրիշ բան է, անոր սորվածն ուրիշ բան։

− Ի՞նչ է սորվածը, անուն չունի՞։