Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Մեկտեղ ճաշենք այս իրիկուն,− ըսի Կակայանցին, երթ դուրս կելլեինք սրճարանեն։

− Շատ լավ։

Եվ ուղղվեցանք Պապ-էլ-Պահրի ճաշարաններեն մեկը։ Քանի մը գավաթ գինի պարպելե ետքը՝ հանկարծ ըսի իրեն.

− Պարոն Կակայանց, ինչո՞ւ եկած ես Եգիպտոս։

− Ե՞ս, զարմա՜նք. պրոպականտի համար։

− Բայց հոս ի՞նչ օգուտ ունի քո պրոպականտդ, արտասահմանի հայերուն մեջ հեղափոխական թերթերը կրնան ազատորեն պրոպականտ ընել, պետք է Թյուրքիա երթալ, հոն ավելի օգտակար է, ավելի կարևոր է։

− Թյարքիա՞, չեմ կարող այդ բարբարոս թյուրքերի երեսը տեսնել, թե մի հատ հանդիպեմ նրան՝ հենց այն րոպեին պետք է սպանանեմ․․․

− Լա՛վ, սպանանի՛ր։

− Ինչ հեշտ ես ասում, որ այդ կարելի՞ է։

− Եթե կարելի չէ՝ մի՛ սպանաներ, բայց գնա՛ Թյուրքիա։

− Դուք թրքահայերդ լոկիայով չեք խոսում, ամեն բան թեթևությամբ եք դատում,− պատասխանեց Կակայանց։− Քո ասածի մեջ իմաստ չի կա, այդ սոֆիզմ է։

− Ուրեմն երթանք քիչ մը ժուռ դալ։

***

Անցավ քանի մը շաբաթ։ Առտու մը փողոցին մեջ հանդիպեցա Կակայանցին, որ զիս տևսնելուն պես՝ քովս վազեց։

− Պետք է այս գիշեր ժամը 9-ին գտնվես Ապպասիե, պարոն Վարդանի տանը։ Մի բանախոսություն պիտի անեմ,− ըսավ,− մի քանի կարևոր հարցի մասին։

Գիշերը գացի նշանակված տունը, ուր բավական մեծկակ սենյակի մը մեջ հավաքված էին արդեն տեղացի ու փախստական երեսունի չափ հայեր։

Կակայանց երկու ժամ խոսեցավ միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացումի վրա։ Իր խոսքը լմնցնելե ետքը՝ բանաձև մը ներկայացուց, իբրև եզրակացություն իր ըսաձներուն, և ուզեց, որ քվեարկվի, ղրկվելու համար զանազան կուսակցությաններու կեդրոններուն։ Անկարելի եղավ։