Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոն գտնվող երեսուն հոգին ալ երեսուն տեսակ հատուկ կարծիքներ ունեին միության, անջատ գործունեության, կեդրոնացումի և ապակեդրոնացումի մասին։ Նորանոր բանաձևեր աոաջարկվեցան, որոնք ամենքն ալ մերժվեցան։ Վերջապես, հազիվ կարելի եղավ վեց ձայն հավաքել հետևյալ բանաձևին շուրջը.

«Եգիպտաբնակ հայերը կխնդրեն մեր հեղափոխական կուսակցություններու կեդրոններեն, որ ի սեր ազգային փրկության դատի, հեռի վանեն ամեն անձնական նկատողություն, և անցյալին տխուր փորձերեն խրատված՝ այսուհետև անջատ միությամբ և ապակեդրոնացյալ կեդրոնացման դրությամբ առաջ վարեն Սուրբ Գործը։ Հակառակ պարագային, եգիպտաբնակ հայերը որոշած են, ի սեր միության, բաժնվիլ և որ կուսակցություն մը հիմնել վերոհիշյալ սկզբունքներուն վրա հաստատված»։

Սենյակին մեջ մոմերը սպառելու մոտ էին ու տանտերը՝ Վարդան, կմրափեր։

− Երթա՛նք…

− Խնդրեմ, պարոննե՛ր, կացեք մի րոպե, մի կարևոր պան ունեմ ասելիք,− ըսավ Կակայանց։

− Հասկցանք,− մռմռացին մեկ քանիներ ու սենյակեն դուրս սպրդեցան, իրենց հետ քաշելով ուրիշներ ալ։

− Խնդրե՛մ, կացե՛ք մի րոպե…

− Հոս ենք, կացանք կոր։

Ո՞վ խենթեցեր է, որ մնա։

Հինգ հոգի հազիվ մնաց, որոնց մեկն ալ կմրափեր, լսելու համար տխուր պատմությունը «մի նախկին հայդուկ»-ի, որուն գնդակը տարիներով «սարսափ էր սփռել քրդերին մեջ» և որ հիմա գրեթե անոթի կթափառեր եղեր Ռուսճուք։

− Պետք է մի պան վճարել նրան, եթե մի քիչ ավելի գտնվեր նրա պես հերոսներ, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում։

Զարմանալին այն էր, որ գտնվեցան դեռ մեր մեջ երեք հոգի, որոնք հինգական ղրուշ տվին, միայն թե ավելցնելով.

− Ալ աս վերջինն է։

Եվ իրավ ալ վերջինը եղավ։

Կակայանց քանի մը օր ետքը անհայտ եղած էր Եգիպտոսեն։