Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քոլոքոթրոնիս փողոցը գտնվող սափրիչին, լեղա՜կ աչքերով կնոջ՝ Ելենիի՝ տարիե մը ի վեր խոստացած գուլպանե՞րը գնելու, ճաշարանին հաշի՞վը մաքրելու, տան վա՞րձքը տալու, շունին ոսկո՞ր գնելու, որո՞ւն պիտի բավեր երեք ֆրանքը, կես տոլարը կամ հինգ ղուրուշը։

Ու Զաքեոս՝ հուսահատ՝ «ապերա՜խտ ազգ» գոչելով թղթատունեն կմեկներ գանձած քիչ մը դրամովը ու շունչը կառներ գինետուն, ըստ խրատու առակողին, թե «օղին կորսվելու վրա եղողին ու գինին դառնահոգիներուն տվեք, որ անոնք խմեն ու իրենց աղքատությունը մոռնան և իրենց նեղությունը մեյ մըն ալ չհիշեն։» Երբեմն մեզի ալ կհրավիրեր․

− Եկե՛ք, սանկ քանի մը հատ ճնկենք, անանկ ալ կործանեցա, ասանկ ալ։

Ու այս փիլիսոփայական մտածումով զորացած կմտներ գինետուն, ուր րեչինան՝ այդ Հոմերոսեն երգված գինին կմոռցներ պահ մը իր կյանքին տխուր իրականությունները։

Հոն սեղանին առջև, մեծ ու պզտիկ տակառներու դրացությամբ, Զաքեոս կամաց-կամաց կխանդավառեր ու կսկսեր անկեղծ շատախոսությամբ մը դուրս տալ սրտին մեջ եղածները։

Դեկտեմբերի մեջ, ցուրտ ու անձրևոտ իրիկուն մը, երեք բարեկամ նստած էինք նպարավաճառ-գինետան մը անկյունը, երբ Զաքեոս ներս մտավ հաղթական ձևով մը։

− Րեչինա՞ թե ուզո,− գոչեց խոսքը մեզի ուղղելով, երբ տեսավ, որ սեղաննուս վրա տակավին գավաթներ չէին երևցած։

− Րեչինա։

Հարկ եղած հրահանգները տալե վերջ՝ եկավ քովերնիս։

− Թղթատունե՞ն կուգաս կոր,− հարցուցինք։

− Ձգեցեք սա թղթատունը,− պոռաց Զաքեոս արհամարհոտ ձևով մը թևը կես մը բարձրացուցած։

− Ուրեմն ինչպե՞ս պիտի խմենք րեչինան։

− Արաբկիրցի հարուստ մը,– շարունակեց Զաքեոս,− որ հոս կգտնվի եղեր, գործ մը ունեցեր է պանքային հետ ու լեզու չգիտնալուն ստիպվեր է գալ զիս փնտռել, որպեսզի մեկտեղ երթանք գործը կարգադրենք։ Գացինք կարգադրեցինք. մարդը հանեց տասը ֆրանք նվեր տվավ։ Ըսի իրեն, որ ես երբեք նվեր չեմ ընդունիր, բայց «Համերաշխություն»-ի համար կընդունիմ։