Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Առ տե, ինչի համար կուզես առ», ըսավ ու ձգեց գնաց։ Ես ալ ութ ֆրանքը տպագրիչին տվի ու երկուսն ալ մեր Միչոյին պահեցի։

«Մեր Միչոն» գինեպանն էր։

***

Երբ րեչինային առաջին շիշը պարպվեցավ, Զաքեոս գլխարկը դեպի ետև քշեց, քիչ մը ճակատը քերեց, ձեռքը զարկավ սեղանին ու գոչեց․

− Ո՜ւշ հասա, ո՜ւշ։ Եթե վեց-յոթը տարի առաջ գործի սկսեի՝ հիմա դիրքս շինած էի։ Ես ալ եղած էի Խազապբեկ մը…

− Նորեն կըլլաս, մի՛ հուսահատիր։

− ՉԷ՛, ալ լմնցավ, կտեսնամ, որ ժողովրդին աչքը բացվեցավ․․․ ա՛լ առջի միամիտները չեն։ Տեսնելու բան էր Խազապ-բեկին հոս եղած ատենը, երբ միասին Բոսթան կերթայինք, ամեն կողմե անձրևի պես կուգար դրամները, շաբաթը երբեմն հարյո՜ւր ոսկի կըլլար… հարյո՜ւր։ Միչո՛, սա շիշը վերցուր և ուրիշ մը բեր։

Զաքեոս շարունակեց.

− Ա՜խ, այդ տեղատարափ նվերներն էին, որ իմ ալ գլուխս դարձուցին։ Այն օրերեն միտքս դրի ես ալ հեղափոխական թերթ հրատարակել, կուսակցություն կազմել ու այդ նվերներուն գոնե հարյուրին տասը ձեռք անցնել։ Հիմա չափս առի։

− Կամաց-կամաց։

− Է՜հ, եթե քիչ մը դրամագլուխ ունենայի տարի մը դիմանալու չափ, բայց, ա՜խ, չեք գիտեր վիճակս։ Ամեն օր նոր-նոր պարտքեր ընելու վրա եմ, ալ քաղքին մեջ մարդ չպիտիի մնա, որ ինծի ապառիկ տա։ Երեկ խանութիս տերը վերջնականապես ըսավ, որ ամսու գլխուն եթե պարտքս չվճարեմ, զիս դուրս պիտի նետե․․․

− Բե՜ր սա գավաթդ լեցունեմ։

− Աս «Համերաշխություն»-ը խերս անիծեց, մեջքս կոտրեց, եղբայր։ Քանի մը ոսկի խնայողություն ըրած էի, ան գնաց… պարտքի սկսա, և ի՜նչ խայտառակ պարտքեր, հինգ ղուրուշ մեկեն, տասը ղուրուշ մեկալեն… քեփազե եղանք ամենուն քով։ Ձեռք մը նոր լաթ ունեի՝ ան ալ ծախեցի, «Համերաշխություն»-ը հոս հասցուց ինծի։ Նայեցեք սա բանթալոնիս ու բալթոյիս վիճակը,