Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սա գլխարկս…. հապա՜ կոշիկներս… ոտքս ջուրերուն մեջն է։ Տարի մը առաջ տեսնալու էիք ինծի, դեռ մարդու շնորհք կար վրաս… հիմա կամչնամ կոր հայելին նայելու․․․ ապերա՜խտ ազգ։ Միչո՜, սա շիշը վերցուր ուրիշ մը բեր։

Ա՛լ լռեց։

Գրգռված էր ու տխրություն մը եկած էր վրան, այն տեսակ մը ծանր տխրություններեն, որոնք երբեմն կիյնան հոգիին վրա ու կճնշեն զայն։ Լռությամբ պարպեց վերջին շիշը։

− Այս իրիկուն րեչինան փոխանակ քեզ զվարթացնելու՝ ավելի տխրեցուց,− ըսի։

− Այո՛,− պատասխանեց վհատ ձայնով մը,− մատնի՜չը․․․ ան ալ զիս լքանել սկսավ։

Ոտքի ելանք։ Դիաբեզային առջև Զաքեոս մաքրեց րեչինաներու հաշիվը, կես ֆրանքի չափ ավելցավ։

− Քոնյաք մը տուր։ Հատ մըն ալ։

Երկու քոնյաքը երբ խմեց, փողոց ելանք։ Զաքեոս սկսած էր սայթաքել։

Դուրսը, տխո՜ւր, անձրևոտ գիշեր մրն էր, ցո՜ւրտ, հուսահատական։

− Գիշեր բարի,− ըսավ Զաքեոս ու մխրճվեցավ՝ գայթ ի գայթ՝ դիմացի փողոցին մեջ, մինչ անձրևը կծեծեր իր աղտոտ գլխարկը ու հին լաթերը։ Իր շունը՝ Գանելան՝ պոչը կծկած ետևեն կերթար…

***

Հիմա երկու տարիեն ետքը աչքիս աոջևն է տեսարանը։ Դեկտեմբերի այդ անձրևոտ պա՜ղ գիշերը, ու կարճուկ ստվերը Զաքեոսին, որ պատն ի վեր, կազի հարաշարժ լույսին տակ. խոլական ձևեր կառներ, ու այդ չա՜ր անձրևը, որ կարծես անձրևնոց չունեցող գլուխներուն վրա կիջնա՝ հատկապես՝ անգութ համառությամբ մը, ու անմեղ նահատակ իր տիրոջ փառատենչ անուրջներուն՝ Գանելան, որ գուցե օրն ի բուն ոսկոր չէր գտած կրծելու և հիմակ, ջուրին տակ խխում եղած, կհետևեր՝ ստոյիկ համակերպությամբ մը՝ իր տիրոջ, որ գայթ ի գայթ կերթար պատն ի վեր։

− Խե՜ղճ Զաքեոս,- ըսինք ամենքս միաբերան, երթ ջրաթաթավ ստվերը ալ խառնվեցավ մթության հետ։