Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սաթենիկ վարանում մը ունեցավ. ինչպե՞ս կարելի էր Աղքատախնամի մեջ անցածը պատմել երիտասարդին, բայց ստելն ալ անկարելի էր, ուստի վճռաբար ըսավ,

− Նպաստը մերժեցին, բան մըն ալ չտվին, պարապ տեղը գացի մինչև հոն։

− Մերժեցի՞ն,− գոչեց Գարեգին զարմացած −… ինչո՞ւ համար:

− Քննության տեղեկագիրը աննպաստ է եղեր ինձ,− մրմնջաց Սաթենիկ, որուն ձայնը հուզումեն կդողար։

− Բայց անկարելի բան է ձեր ըսածը, ինչպե՞ս կարելի է որ ձեր վիճակը ունեցող մեկու մը աննպաստ տեղեկագիր տրվի։

− Որովհետև… սիրահար ունիմ եղեր։

Առտվնե ի վեր զսպված հուզումն էր, որ ալ կպայթեր։ Սաթենիկ ինկավ աթոռի վրա և սկսավ դանդաղորեն լալ, երեսը երկու ձեռքերուն մեջ պահած։ Մանկուհին, որ քովն ի վեր կանգնած էր, մոր արցունքը տեսնելով, ինքն ալ սկսավ լալ։

Գարեգին ջանաց հանդարտեցնել խեղճ կինը, ստիպեց որ երեսը լվա, լացը դադարեցնե, մանավանդ որ հեգ փոքրիկ Սիրվարդը, առանց գիտնալու պատճառը, ինքն ալ մորը փաթթված բարձրագոչ կարտասվեր։

Սաթենիկ վերջապես հանդարտվեցավ և մանրամասնորեն պատմեց Աղքատախնամի գրասենյակին մեջ պատահածը։ Գարեգին երբ իմացավ, որ Սաթենիկ իր պատճառով կզրկվեր նպաստե և միանգամայն անունը կաղարտեր, շատ հուզվեցավ, մանավանդ չէր կրնար ընդունիլ, որ այս թշվառ կինը այդպիսի նախատինքներու ենթարկվեր բոլորովին անմեղ տեղը, այս իրողությունը զինքը կկատղեցներ։

− Պետք է երթամ այդ Ղուկաս էֆենտիին հետ տեսնվիմ, ըսած խոսքերը ետ առնել տամ,− կկրկներ սենյակին մեջ բարկությամբ վեր վար քալելով։

Բայց Սաթենիկ զգացուց, թե երիտասարդին կողմե այդպիսի արարք մը ոչ թե օգուտ մը չպիտի ունենար, այլ ավելի փաստ մը պիտի համարվեր եղած ամբաստանության ու պատճառ պիտի ըլլար, որ իր անունը ավելի ևս աղարտի։ Լավագույն էր լռություն պահել, ծածկվիլ, մոռացվիլ։

Երբ Գարեգին վերադարձավ իր սենյակը, չկրցավ ընթերցումը