Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետևես կուգային Կարտ Սագոն ու Շիլ Բադոն ու հետո մյուս ֆեդայիները։

− Տղե՛րք,− ըսի,− սուղ ծախվինք… Ես կկարծեի, թե այդ վատ շները պիտի հարձակին մեր վրա, բայց հազիվ թե մեր ձիերուն ոտքին ձայնը առին, սկսան խենթի պես փախչիլ. «Ամա՜ն, ֆեդայիլեր կելիորլար» պոռալով։ Մենք անցանք ձորին մեջեն ու առաջ գացինք դեպի Շեյխ Օսմանին գեղը։

− Տղե՛րք, պատրա՞ստ եք,− պոռացի։

− Կեցցե՜ ֆեդայիները,− գոչեցին ամենքը մեկ բերան, ու հարձակեցանք գեղին վրա…

***

Քանի մը օր ետքը, Կարպիս, Մասիսի սրճարանը պանքայի հարձակումը կպատմեր․

− Տղե՜րք,− գոչեցի, ռումբերը պատրաստ են, և այլն, և այլն։

Ու այսպես օրերով՝ «Տղերք գոչեցի»-ներու շնորհիվ Կարպիս պարարեց իր փորն ու գրպանը, մինչև, որ երեք հարազատ հերոսները եկան Պոլսեն ու ինք սաիպվեցավ թողուլ Եգիպտոսը։

Բայց ա՛լ կատարելապես նախկին գործիչ մը եղած էր։ Իր պատմությունները, հետզհետե «սրբագրյալ ու հավելյալ», վավերականության դրոշմը առած էին։ Պատմած ատեն չուներ աոաջին օրերու դեդևումը, և խորին համոզումով կխոսեր իր «անցյալ» գործունեության վրա։

Այսպես տեսա զինքը, երբ վերջին անգամ իրեն հանդիպեցա Քանըպիեռի վրա։

Սակայն, ավա՜ղ, Մարսեյլ այն ամուլ հողերեն է, ուր հեղափոխության մակաբույծները չեն կրնար ուռճանալ։ Կարպիսի «Տղերք գոչեցին» չէր թրթռացներ հայ վաճառականներու սրտին թելերը։

− Ժնև չերթա՞ս,− ըսի իրեն, երբ վիճակին դառնությունը պարզեց ինծի։

− Ի՞նչ ընելու,− գոչեց նախկին գործիչը,− հերոսությո՞ւն պատմելու, ես մեկ նետեմ նե՝ անոնք տասը կջարդեն։

− Բայց անշուշտ իբր ընկեր նյութական օգնություն մը չեն զլանար։