Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ փարա ժողվեր է, որը Հնչակ ցրվեր է․․․ փաշան ըսավ, որ եթե ասանկ երթա, բոլոր տուներն ալ խուզարկել պիտի տա․ մանավանդ Բերա ու Գատը-գյուղ։ Վտանգավոր բան մը ունիք նե՝ մեջտեղը մի ձգե՛ք, վերցուցե՛ք, ջնջեցե՛ք, ետքը մեծ փորձանք կբացվի գլխներնուդ․․․ չեմ խառնվիր։

Եվ ընդհանուր բողոք մը կբարձրանար․

− Ժաք էֆենտի, ի՜նչ կըսեք, մեր տունը անանկ բան կգտնվի՞․ մենք տերության հավատարիմ մարդիկ ենք։

− Գիտեմ, ճանըմ, գիտեմ, ես արդեն պետք եղածը ըսի փաշային։

− Շնորհակալ ենք, գիտենք, որ դուք մեր բարեկամն եք, հարկավ ձեր շնորհիվ ապահով կրնանք ըլլալ։

− Մի՛ վախնաք, ես հոս կեցեր եմ, փաշան զիս աչքին լույսին պես կսիրե կոր, ամեն բան իմ խորհրդովս կընե. ինչ ըլլա նե՝ «Ժաք էֆենտի, սեն նե՞ աերսին պագալըմ» կհարցնե։

Ու ահա հարգանքն ու պատկառանքը մյուսյու Ժաքի նկատմամբ՝ գրեթե երկյուղածության կհասներ ամենուն քով։

Ընդհանրապես այդ տեսակ խոսակցաթյանց արդյունքը կըլլար հետևյալ օրը Ժաքին կողմե եկած նամակ մը, որով քանի մը ոսկի փոխ կուզեր։ Դրամը կվճարվեր անմիջապես, նույնիսկ տեսակ մը գոհունակությամբ։ Քանի մը ոսկիի փոխարեն այնչա՜փ ազդեցիկ պաշտպանություն մը վայելել այդ անստույգ ժամանակին, անշուշտ մեծ բախտ մըն էր։

Կամաց−կամաց մյուսյու Ժաք արվեստի մը կատարելությանը հասցուց իր կեղծ լրտեսությունը։

Օր մը հուզված՝ վազեց Ղալաթիա, Հուսեփիկ աղային գրասենյակը։

− Դուն հոս անհոգ նստեր ես,− գոչեց,− չես գիտեր ինչե՜ր կդառնա կոր գլխուդ վրա։

− Ի՞նչ,– հարցուց խեղճը շլմորած։

− Ի՞նչ պիտի ըլլա, խաֆիեին մեկը քեզ ժուռնալ է ըրեր, քոմիթեեն ես եղեր, իրենց փարաները դուն կպահես եղեր։ Ճանըմ, Հուսեփիկ աղա, ինչո՞ւ ատանկ գործերու մեջ կմտնաս, ինչո՞ւդ պետք, դո՞ւն մնացիր ազգը փրկող, զավակներու տեր, այդ տարիքիդ մեջ․․․ վաղը գան քեզի բռնեն, տունդ−տեղդ խուզարկեն, սենյակդ գոցեն, քեզ դատապարտեն կախեն նե՝ ի՞նչ պիտի ընես։

Հուսեփիկ աղա, երեսին գույնը նետած, ահ ու դողի մեջ․