Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Ի՜նչ կըսեք, Ժաք էֆենտի, ի՞նչ կըսեք, ես քոմիթե․․․ իրենց փարաները պահե՜մ․․․ ատ ի՜նչ զրպարտություն․․․

− Ալ կրնաս նե՝ Հյուսնի պեյին հասկցուր դուն զրպարտություն ըլլալը։

− Է՜յ, ի՞նչ ընեմ հիմա․․․ ամա՜ն Ժաք էֆենտի, խելք մը սորվեցուցեք ինծի․․․ ինտո՞ր իմացաք ժուռնալ ըլլալը․․․

− Զապթիեն էի աս առտու, երբ որ խաֆիեն բերավ ժուռնալը, առի ձեռքեն սանկ աչք մը նետեցի վրան, անունդ տեսածիս պես անմիջապես մարդուն ըսի, որ փաշային չի տա ու քովը պահե, մինչև որ գամ, ու վազեցի քեզի․․․ սըտեղեն քսան ոսկի տուր մարդուն ձեռքը դնենք, ազատիս։

Ոսկիները կհամրվին ու մյուսյու Ժաք կմեկնի։

Մեկիկ-մեկիկ, Մարկոս էֆենտի, փաստաբան Կարապետ էֆենտի, Սարգիս էֆենտի կվճարեն իրենց փրկանքը մյուսյու Ժաքին, որ ա՛լ ապրուստը ապահոված աղջիկ կփնտռե ամուսնանալու համար։

Զ
ԱՆՎԱՎԵՐ ՀԵՐՈՍՆԵՐ

− Միքոն է՛․․․ հետը տեսնվեցա նե՛․․․ զարմանալի բան։

− Եղբայր, մի՜ բռնկիր, խնդիրը քսան ղրուշին վրա չէ, նա կուզես նե հանեմ տամ, միայն թե հասկնանք, նորեն խաբեբա մը չըլլա։ Ո՞վ է ատ Միքո ըսածդ։

− Հերո՜ս, հերո՜ս․․․ մարդուն վրայեն կվազե կոր հերոսությունը։ Տասը տարի կռվեր է, խմբապետ է եղեր։ Պատմեց, տեղնիտեղոք պատմեց ամեն բան, թվականներով, անուններով։ Ծո՜, ատանկ մարդու մը քսան ղրուշ պիտի տաս, ու դժվարություն կընե՜ս․․․ ծո՜, պատի՜վ է քեզի համար։

− Անշուշտ, եղբա՛յր, քառսուն տամ, բայց․․․

− Բայց մայց չի կա. ես ապուշ չեմ, ատ մարդը հերոս է կըսեմ կոր, լմնցավ։

− Է՜յ, ի՞նչ ըրած է նայինք ատ հերոսդ։

− Ինծի նայե․ չեմ ուզեր, որ ատանկ ծաղրական խոսիս իրեն նկատմամբ, վազ անցանք քսան ղրուշեդ։ Մնաս բարով։