Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


***

Այո՛ խաբված էր խե՜ղճ Սիսակ Անկախյանը, հեղափոխականներու այդ բոցեռանդ, անձնվեր, միամիտ հիացողը։ Եվ աոաջին անգամը չէր, ոչ ալ վերջինը պիտի ըլլար, ավա՜ղ։

Ալեքսանդրիա, Աթթարինի մեջ ունեցած իր ծխախոտի պզտիկ խանութեն անցած էին ամբողջ անվավեր Արխանյանները, Աշոտ Թաթուլները, Սուրենները, Արտաշեսները, Զավենները, Կարոները։ Իր գլխուն թափած էին բոլոր կեղծ Շանթերը, Կայծակները, Փայլակներն ու ամենուն ալ հասած ու ամենուն ալ օգնած էր։ Իր տան մեջ երեք ամիս պահած ու կերակրած էր հերոս մը, որ պարզապես դրամանենգության համար ութ տարի Աքյայի բանտը մնալե ետքը հաջողած էր փախչիլ Եգիպտոս։ Խելքը միտքը տված հերոսներուն, երեսի վրա թողած էր գործը, որ գրեթե ա՛լ չէր քալեր։ Սիկարեթները անպտղաբեր կսպառեին կրակի ու մուխի սիրահար հերոսներու շրթունքին վրա, որոնք կատաղորեն կքաշեին անոնց ծուխը, զանոնք մեկ անգամեն բնաջինջ, բնաբարձ ընելու թափով մը, և իրենց քիթեն բերնեն մուխը կժայթքեցնեին անլուր հայհոյանքի, կատաղի սպառնալիքի տարափով մը, թուքերու խառնված, անոնց սուլթանին, անոնց Մուհամմետին, անոնց կրոնքին դեմ։

− Ձեռքս անցնեին, հրացանս դնեի կուրծքերնուն, քաշեի, գետին փռեի այդ շան զավակները… անպիտաննե՜ր։

Ու հերոսը գետին կնետեր սիկարեթին ծայրը ու ոտքովը կտրորեր, կճզմեր, կտափակցներ զայն։

− Աղբա՛ր, բան մը չէ, հազար հոգի ըլլանք, թո՛ղ հազար հոգի տան ինծի, նայե ինչե՜ր կընեմ։ Մե՜կ հատ մը ձեոքես չազատիր…

Ու կերկննար, անողոք, անդիմադրելի, աննահանջելի բազուկը դեպի սիկարեթին տուփը։

− Մարդ, զենք և դրամ, ահա մեզ պետք եղածը, ուրիշ բանի պետք չունինք… սա լուցկին հոս կանցնե՞ս։

− Ծո՛, աղյբա՛ր, չես գիտեր ինչե՜ր պիտի ընեինք, ինչպես կարգադրեր էինք ամեն բան… բայց ի՞նչ ըսեմ, աստուծո կրակին գան արգելք եղողները։ Նորեն ըրինք, չըրինք չէ, այդ շուներուն մարը լացուցինք, միայն թե պետք եղածին պես չեղավ…օ՜ֆ, օ՜ֆ։