Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Աղեկ. բարեկամս «Դրոշակ»-ին նոր թիվը ցուցուց, որուն մեջ երեք հերոսներուն ալ պատկերը կար։ Շատախցի Միքոն անցած տարի մեռեր է։

− Վախ զավալլը, մեռե՛ր է հե…− բացագանչեց կեղծ Միքոն, նոր սիկարեթ մը առնելով…− ան ալ գնաց, օ տա կիտտի…

− Եղբայր,− գոչեց վերջապես Սիսակ իր խոսակցին աներեսութենեն կատղած,− ինչո՞ւ ինծի ասանկ խաբեցիր և ըսիր, որ դուն ես Միքոն, ես ալ պարապ տեղը մարդուն քովը խաղք եղա…

− Վայ կիտի ասլան Միքո,− կաշխարեր մյուսը, գլուխը ճոճելով,– մեռե՜ր է հե․․․ ինտո՞ր մեռեր է ատ լեռան պես մարդը։ Ծո՛, քեզի բռներ՝ ջուրդ կհաներ։ Ան իմ ճանչցած Միքոն է նե՝ անպատճառ տասը հատ թյուրք գետին փռելեն ետքը ինկած է… «Դրոշակ»-ը ի՞նչ կգրե կոր նայինք։

− Չեմ գիտեր,− պատասխանեց Սիսակ, որուն սրտմտությունը հետզհետե կավելնար. − խնդիրը անոր ինչպես մեռնելուն վրա չէ… սա դուն ինչո՞ւ իս խաբեցիր։

− Խաբելու ի՞նչ կա… ատ Միքո ըսածդ իմ քեռիս կսեպվի… մեր գեղը Շատախեն օրվան մը ճամփա է. քանի անգամ սուրբ Կարապետին վանքը ճիրիտ խաղացեր ենք մեկտեղ։ Դեռ երկու տարի առաջ անոր հարը պապուս արտը ծախու պիտի առներ․ նա, կուզես նե՝ հարցուր վանեցի Կիրակոս աղբոր, որ հոս ժամն է և մեզի աղեկ կճանչնա… Խաբել, ատ ի՞նչ խոսք է, զարմանալի բան, քեզի ինչո՞ւ պիտի խաբեմ, ես ալ հայ չե՞մ։ Խրիմյան Հայրիկը Վարագա վանքը եղած ատեն իմ պապս վանքին խորուճին էր… մենք ալ հերոս կսեպվինք։

− Ինչ որ է, մարդը դրամ չտվավ։ Բարեկամս, գլխուդ ճարը նայե. ես ալ ավելի բան չեմ կրնար ընել, այսչափ օր է ձեռքես եկածը ըրի։ Իմ ալ կարողությունս հայտնի է, կտեսնաս կոր, կաղաչեմ ինե բան մը մի սպասեր։

− Չես կրնար նե, աղեկ,− գոչեց անվավեր հերոսը՝ բարկությամբ ոտք ելլելով․․․− բայց ատանկ խոսելու իրավունք չունիս. քենե բռնությամբ բան չուզեցինք, կոկորդդ չսխմեցինք, փորդ դանակ չխոթեցինք… չես կրնար, լմնցավ։ Պարզապես կըսես, որ չեմ կրնար… բայց երկար չեն ըներ։ Տե՛ր աստված, ի՜նչ մարդերու մնացինք։ Բարով խերով չիյնայինք աս անիծած քաղաքը։ Մնաս բարով։