Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ազատեցանք ձեռքեն,− մտածեց Սիսակ ցնծացին։

Չէ՛, դեռ չէր ազատած․․․

Միքոն քանի մը քայլ առնելեն ետքը հանկարծ դարձավ դեպի խանութ։

− Սըկե քանի մը սիկարա տուր,− ըսավ անպատկառ արհամարհանքի շեշտով մը։

− Ա՛ռ։

Այս անգամ «հերոսը» աներևույթ եղավ վերջնականապես։

***

Հազիվ ամիս մը անցեր էր։

Սիսակ Անկախյան առտու մը խանութին առջև, աթոռի մը վրա նստած, թերթ կկարդար, երբ քառասուն տարեկանի մոտ, չոր ու երկայնահասակ մարդ մը դիմացը կեցավ և հարցուց.

− Պարո՛ն, դուն Հա՞յ ես։

− Այո՛,− պատասխանեց ծխավաճառը։

− Ո՞ւր է սա մարդուն տեղը, ժամ մըն է կփնտռեմ կոր,− շարունակեց մյուսը, պզտիկ թուղթ մը երկնցնելով։

Սիսակ առավ թուղթը, որուն վրա իր անունն ու հասցեն գրված էր։

− Ես եմ փնտռած մարդդ։ Ո՞վ տվավ սա թուղթը։

− Աստեղացի հայերուն տեղերը իմանալ ուզեցի, Մասիսի սրճարանեն տվին։

− Ի՞նչ կա, ըսելիք մը ունի՞ք։

− Ի՞նչ պիտի ըլլա, հայ չե՞նք, օտար երկիր ինկեր ենք, հարկավ իրար պիտի փնտռենք։

− Անանկ է… նստեցե՛ք։

Ու Սիսակ աթոռ մը տվավ իր խոսակցին։

− Նո՞ր եկած եք Ալեքսանդրիա։

− Քանի մը օր կա։

− Ո՞ր կողմեն։

− Հիմա խնդիրը իմ ուր տեղեն գալուս վրա չէ… հոս ի՞նչ պիտի ընեմ, ասոր վրա մտածե։ Դուն օտարական չես, հայ ես, քեզի շիտկե շիտակ ամեն բան կըսեմ… վրաս երկու ղրուշ ունիմ միայն։