Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ձեր անունը ի՞նչ է։

− Մարկոս, Կիրակոս, Թորոս, ինչ կուզե ըլլա․․․ ինծի սենյակ մը պետք է։

− Տաճկաստանե՞ն կուգաք կոր,− հարցուց Սիսակ, որ իր խոսակցին խորհրդավոր ձևերեն սկսած էր ու նշանավոր հերոսի մը հոտը առնել։

− Տաճկաստանեն կուգամ, Ռուսաստանեն կուգամ, Հինտիստանեն կուգամ, տեղե մը կուգամ կոր հարկավ։ Երկինքեն չինկա…

− Այո՜, բայց գիտեք,− պատասխանեց Սիսակ ձեռքերը շփելով,− վերջապես, պետք է, որ ձեր անունը գիտնամ գոնե, որպեսզի ըստ այնմ, եթե կարելի է, աշխատիմ օգտակար ըլլալու։ Ձեր խոսքերեն դատելով ինծի այնպես կթվի, թե փախստական հեղափոխական եք… չեմ գիտեր, բայց իմ վրաս այդ տպավորությունը ըրիք։

− Հեղափոխական,− ըսավ մարդը գլուխը օրորելով ու ձեռքը շարժելով,− էհ, եղանք, ըրինք, զարկինք, զարնվեցանք․․․ բայց ի՞նչ օգուտ, դրամ չի կա, մարդ չի կա, զենք չի կա։

Սիսակ անծանոթին կնայեր աճեցուն հետաքրքրությամբ, որուն կսկսեր տեսակ մը հիացում խառնվիլ․− «Թերևս Սամսոնցի Մինաս Օղլուն է»,− կմտածեր, որու մասին լսած էր, թե նույն օրերը Ալեքսանդրիա պիտի գար։ Ապահով ըլլալու համար հարցուց հանկարծ.

− Սամսոնի կողմե՞րն էիք։

− Աղբա՛ր, քենե բան մը պիտի չկրնամ ծածկել, հասկցա,− գոչեց մյուսը…− ես Մինաս Օղլուն եմ։

− Չըսե՛ս, եղբա՜յր,− գոչեց Սիսակ տեղեն ցատկելով ու մարդուն վիզը պլլվելով։

Երբ որ հուզումը քիչ մը հանդարտեցավ, տակավին դողահար ձեռքերով՝ Սիսակ սիկարեթին տուփը առավ և հրամցուց «Մինաս Օղլուին»։ Բայց հանկարծ ետ քաշեց տուփը.

− Չէ՛, կեցե՛ք, ձեզի ձեր երկրին՝ Սամսոնի ծխախոտեն տամ. հոստեղ էմբերիալ կըսեն ասոր. ամենեն բարձր տեսակն է, Խտիվին ու Լորտ Քրոմըրին խմած տեսակեն է։

Ու նոր տուփ մը ներկայացուց։

Մարդը առավ սիկարեթը, վառեց և քաշել սկսավ։