Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր միակ անձնական սկզբունքը կրնանք բանաձևել սա կերպով.

«Ամեն բանի ժամանակ կա, հեղափոխական ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ. սողալու ժամանակ և խայթելու ժամանակ․ ճառ խոսելու ժամանակ և հանգանակություն ընելու ժամանակ. Մանչեստր երթալու ժամանակ և Մանչեստրեն ետ դառնալու ժամանակ, նախատինքներ ընդունելու ժամանակ և նախատինքները մարսելու ժամանակ, ստակ մուրալու ժամանակ և ստակը պանքան դնելու ժամանակ, նավթի վաճառականները խնկարկելու ժամանակ և մանիֆաթուրայի վաճառականները փառաբանելու ժամանակ»։

Ու հավատարիմ իր սկզբունքներուն ու իր կոչումին, տարիներն ի վեր նարդոսի ու քրքումի պես կվառի անիկա՝ անուշաբույր՝ այն կուռքերուն առջև, որոնց պատվանդանն են մանիֆաթուրայի կապոցները։

Ամիրաներու ժամանակին պատվելին է ան տիրացուի, հացկատակի, սպասավորի ու վարժապետի վարնոց խառնուրդ մը, որ աղային չուպուխը կվառե, տղոցը այբուբեն կսորվեցնե. ծառաներուն հետ կերակուր կուտե ու սեիսին կնոջը կքծնի։ Աղային տոնախմբության ուղերձ կգրե, երբ որ զավակը ամուսնացնե՝ հարսներդ կգրե, երբ որ զավակը մեռնի՝ ողբերգ կգրե, ու այսպես կապրի։

Պ. Միսաք, ինչպես ըսի, անմիջական շարունակությունն է այդ տիպարին, նույն մարդը՝ տարբեր՝ եվրոպականացած տարազով։ Անարգ հոգի մը, որուն համար ամեն հարուստ՝ «պերճաշուք իշխան» ու «անզուգական բարերար» կամ «մարդասեր» մըն է, որուն համար ամեն հարուստի կին՝ «չնաշխարհիկ ձիրքերով օժտված՝ զարգացյալ ու գեղանի հայուհի» մըն է, որուն համար ամեն հարուստի զավակ «խոստումնալից ու հանճարեղ պատանի» մըն է, որուն համար ամեն հարուստի սպասավոր՝ «հավատարիմ ու անձնվեր ծառա» մըն է, որուն համար ամեն հարուստի ձի «գեղա–բաշ, փրփրերախ, ա քաջավազ երիվար» մըն է, որուն համար ամեն հարուստի կոշիկ՝ «նրբահյուս, վայելչաձև ու կակղամորթ ոտնաման մըն է։