Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


***

97-ին էր, երբ պ. Միսաք չեմ գիտեր քանիերորդ առաքելությունն ըրավ Մանչեստր։ Հազիվ քաղաք հասած՝ սկսավ իր այցելությունները վաճառականներու գրասենյակը։ Պ. Միսաք տասնըմեկ տարիե ի վեր վարժեցուցած էր զանոնք տարին մեկ-մեկ ոսկի վճարելու իրեն, ի փոխարեն այն գովեստներու, զորն պարբերաբար կըներ անոնց, առնվազն ամիսը անգամ մը։ Սակայն վաճառականները ասով չէին գոհանար և իրենց վճարած այցագինին փոխարեն իրավունք ունենալ կկարծեին նաև հսկելու իրենց պաշտպանյալին խոսքերուն ու գործքերուն վրա, այնպես որ պ. Միսաք, ոսկին փրցնելե առաջ, պարտավոր էր իր մեկ տարվան խոսքերուն ու գործունեության հաշվեհամարը իրենց հավանությանը ներկայացնել։ Արդ, 97-ի առաքելությունը բավական փշոտ էր իրեն համար, որովհետև նախորդ տարին հեղափոխության ջատագովը ելած էր ընդհանուր հոսանքին հետևելով ու քիչ մըն ալ քաջալերվելով նույն այդ վաճառականներեն։

Հետևինք իրեն իր մեկ քանի այցելություններուն։

Պ. Միսաք կմտնե գրասենյակ մը։ Վաճառականը՝ սեղանի մը առջև նամակ կարդալու զբաղած է։ Պ. Միսաք, դռանը քով, գլխարկը ձեռքը, ժպտուն կսպասե, որ ընթերցումը ավարտի։ Վաճառականը՝ վերջապես հաճելով նշմարել զինքը.

− Հա՛, դուն ես, նորեն եկա՞ր.., նստե նայինք. (քիչ մը խիստ) խոսելիք ունիմ քեզի։

Պ. Միսաք կնստի աթոռի մը ծայրը, աթոռին երեք չորրորդ մասը պարապ թողլով։

Վաճառականը․− Ի՞նչ երեսով եկար, ծո՛։

Միսաք (միշտ ժպտուն).− Անցած տարվան երեսովս, հի՛, հի՛, հի՛…

Չմոռնամ ըսելու, որ պ. Միսաքի խոսակցության միակ աղն է բառախաղներ ու թեքերլեմեներ, որոնք վաճառականներու շատ թոհաֆին կուգան երբեմն։ Այդ շուկայի սրամտության պ. Միսաք կընկերացնե ապուշ, անարտահայտիչ ծիծաղ մը, զոր հարուստներու քով «հի՛, հի՛, հի՛» ձևով կարտաբերե և ծանոթներուն քով «հա՜, հա՜, հա՜»։

Վաճառականը (բարկությամբ).− Աս վայլե՞ց եղածները…