Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտեպսիզության երեսեն այնչափ մարդ ջարդվեցավ, ամեն բան տակնուվրա եղավ, առուտուրը դադրեցավ…

Միսաք.− Իրավունք ունիք, էֆե՛նտի, իրավունք ունիք, միայն թե՝ եթե շնորհք ընեք որ…

Վաճառականը (ավելի բորբոքած).− Ամենքդ ալ ավազակներ եք, գողեր եք, անբարոյական արարածներ եք…

Միսաք․− Շատ շիտակ է, էֆենտի, բայց ներեցեք որ…

Վաճառականը.− Կախելու է, կախելու ձեզի պես մարդիկը։

Միսաք.− Շատ ճշմարիտ է, էֆենտի, բայց կհաճի՞ք որ պզտիկ…

Վաճառականը.− Անամո՛թ…

Միսաք(պաղատագին).− Էֆենտի, հանդարտեցեք, կաղաչեմ, ես ալ հասկցա հիմա, որ սխալ ուղղության կհետևիմ կոր եղեր, վստահ եղեք, որ ձեր բոլոր արդարացի դիտողությունները, զորոնք ազնվություն ունեցաք ինծի հայտնելու, նկատողության պիտի առնեմ և ըստ այնմ պիտի վարվիմ ասկե ետքը։ Ա՜խ, էֆենտի, խաբվեցանք. Սուլթանը Բառոլ տռնեոռ տվավ Սալզպրիին, որ հայկական խնդիրը պիտի կարգադրե, ես ալ հավատացի։ Բայց հետո Բառոլ տեռներ եղավ․․․ հի՜, հի՜, հի՜։ Այս թյուրքերը ասանկ են… տեսեք Փարիզ իրարու քոնֆեդի կնետեն, իսկ Պոլիս իրարու քոֆդի կնետեն․․․ հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (գրպանեն ոսկի մը հանելով).− Առ… բայց ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե… ատ ձեր անխելք ըրածներովը օգուտ մը չըլլալե զատ, պարապ տեղը մեր առուտուրին վնաս կընեք կոր։

Միսաք(դրամը գրպանելով)․− Շատ իրավացի, շատ ճշմարիտ, շատ արդար դիտողություն մըն է ձեր ըրածը։ Վստահ եղիք, որ ամենալուրջ նկատողության պիտի առնեմ․ շնորհակալ եմ։ Ձեր ազնվափայլ տիկնոջ ու սիրասուն զավակներուն ամենախորին հարգանքներս․ կաղաչեմ չմոռնաք հաղորդելու։ Մնաք բարով։

Կես ժամ ետքը պ. Միսաք կներկայանա ուրիշ գրասենյակ մը։ Վաճառականը թիկնաթոռին մեջ ընկղմած անգլերեն թերթ մը կըկարդա։

Միսաք.− Զբաղա՞ծ եք արդյոք, էֆենտի՛։

Վաճառականը.− Չէ, նստե նայինք, նորեն փարա ուզելո՞ւ եկար․ տարի մը եղա՞վ։

Միսաք.− Եղավ, հապա, այս առտու ճիշտ տարին լրացավ։