գիտեմ, որ հաճախ մեր տունը կգտնվեր, ուր մասնավոր հարգանքով մը կվարվեին հետը։
Մենք չէինք միայն այդ հարգանքն իրեն ընծայող. իր բոլոր բարեկամներն ու ծանոթները նույն հարգանքով ու ակնածանքով կվերաբերվեին Համբարձում աղային հետ։ Լուրջ, կարևոր, պատկառելի անձնավորություն մը համարված էր։ Իր մուտքը սրահե մը ներս, միշտ հուզում մը, իրարանցում մը աոաջ կբերեր․ երեխաներն ու աղջիկները դուրս կելլեին, կիները իրենց սիկարեթը կմարեին, ամեն մարդ ոտքի կկենար․․․
− Վեր հրամմեցե՛ք, Համբարձում աղա․
− Համբարձում աղա, սա՛նկ, անկյո՛ւնը նստեցեք։
− Համբարձում աղա, այս ի՜նչ պատիվ է մեզի ըրիք։
− Համբարձում աղա, աստուծով առողջ ու հանգիստ եք․․․
Եվ Համբարձում աղա, բարի գալստյան այդ ողջույններուն մեջեն, հինավուրց քրմապետի մը հանդիսավորությամբ, շիտակ, չոր, երկայնահասակ ու կոճկված, կամաց-կամաց կհառաջանար իրեն ցույց տրված տեղը, աջ ու ձախ բարևներ բաշխելով, ու կընստեր բազմոցին անկյունը, ծալապատիկ, հնդկական կուռքի մը պես։
Համբարձում աղա շատ չէր խոսեր։ Ի՜նչ կըսեմ՝ շատ քիչ կըխոսեր։ Գլխու իմաստալից տատանումներ, ձեռքի նշանակալից շարժումներ, վերջապես միմիկ խոսակցություն մը իր նախընտրած ձևն էր հարաբերության մտնելու համար ուրիշներու հետ։
Երբեք չէինք տեսած իր խնդալը, ոչ ալ կատակաբանություն մը լսված էր բերնեն։ Ո՛չ միայն ինքը չէր խնդար, այլ նույնիսկ իր ներկայությունը ուրիշներու ծիծաղն ալ կսառեցներ շրթներու վրա։
Շատ անգամ մեզի կըսեին։
− Մի՛ խնդաք, Համբարձում աղա քովի սենյակն է…
Ու չէինք խնդար։
Մասնավորապես ցուրտ վարմունք մը ուներ տղոց նկատմամբ, որոնց հետ բնավ խոսք մը չէր փոխանակեր։ Երբեք համբույր մը, պզտիկ գգվանք մը չէինք ընդունած իրմե։ Մեր անհաշտ թշնամին էլ անիկա․ գոնե այդ տպավորությունը կըներ վրանիս և ասոր համար կատեինք զինքը։ Իր երևումը տանը սեմեն ներս, խրտվիլակի մը ազդեցություն կգործեր վրանիս, ամենքս ծակեծակ կմտնեինք։ Տարին երկու անգամ միայն պարտավորյալ