Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀԱՄԲԱՐՁՈԻՄ ԱՂԱ

Ամեն անգամ, որ մանկության կամ պատանեկության վերհիշումներ կունենամ, անխուսափելի կերպով դեմս կկանգնի Համբարձում աղան. շիտակ, չոր, երկայնահասակ մարդ մը, 50-են 55 տարեկան, պեխերուն ծայրերը կտրած և դեպի բերանը իջած, երեսը միշտ նոր ածիլված, գլուխը խոշոր ֆես մը՝ մինչև ականջներուն կեսը իջած, ձեռքը երկար թեզպիհ մը որուն հատիկները երկուք առ երկուք կքաշե անդադար։ Իր հագուստը միօրինակ էր ամեն ժամանակ. սև թրքական սեթրի մը՝ միշտ կոճկած, կանաչագույն բանթալոն մը, որ հազիվ կոշիկներուն կեսը կհասներ և հաստ չուխայի բաց գույն բաճկոն մը զոր հազիվ տարին անգամ մը, պատեհություն կունենայինք տեսնելու, որովհետև, ինչպես ըսի, սեթրին միշտ կոճկած էր: Մասնավոր ուշադրությունս գրաված էր ժամացոււցը, ոսկի մեծ, հնօրյա ժամացույց մը, որ քիչ անգամ դուրս կելլեր բաճկոնին գրպանեն։ Այդ ժամացույցը պահված էր չուխայե պզտիկ պարկի մը մեջ, որպեսզի ոսկին չկորսնցուներ իր փայլը և ամեն մեկանց ամփոփված ընկույզի փայտե տուփիկի մը մեջ, որպեսզի ոևէ դիպվածական արկածե զերծ մնա։ Այդպիսի խնամքով պահված ժամացույց մը բնականաբար ամեն վայրկյան դուրս չէր կրնար ելլել իր թաքստոցեն։ Կհիշեմ, թե Համբարձում աղա ժամացույցը մեջտեղ կհաներ մասնավորապես երբ ոևէ մեկու մը ժամացույցը կեցած ըլլար և հարկ տեսնվեր զայն լարել և ուղղել։ Երբեմն ալ, երբ քանի մը անձերու ժամացույցներուն մեջ անհամաձայնություն ըլլար, Համբարձում աղա կհաներ իր համբավավոր ժամացույցը և ուղիղ ժամը կըսեր, ամենքը կխոնարհեին Համբարձում աղայի ժամացույցին առջև։

Համբարձում աղան մեզի խնամի էր. հորաքրոջ թե մորաքրոջ ամուսին կամ ասոնց մոտ բան մը, լավ չեմ գիտեր, միայն թե