մեջ Նարեկ ու Սաղմոսեն ետքը «Մասիս» լրագիրը միայն կարդացած էր ու կկարդար։ Այն բնական ուշիմությունն ու աչքաբացությունն ալ չուներ, որով շատ անգամ տգետ մարդ մը սուր, դիտող ու ողջախոհ միտք մը կունենա։ Բթամիտ մըն էր բառին բուն իմաստով։
Իր տված խորհուրդները, հայտնած կարծիքները, ըսի արդեն․ ամենահասարակ բաներ էին։ Օրինակի համար երբ էրիկ կնկան կռիվի մը առթիվ խորհուրդ հարցվեր իրեն, Համբարձում աղա հանդիսավորապես կպատգամեր.
− Նայեցեք որ ժամ առաջ հաշտեցնե՛ք, ամոթ բաներ են ասոնք. ամոթ…
Եթե հայր ու որդու մեջ գժտություն կար, նույն հանդիսավորությամբ խորհուրդ կուտար.
− Ժամ առաջ տղան տարե՜ք, թող հորը ձեռքը համբուրե, հայրն ալ թո՛ղ տղուն ճակատը համբուրե, ամոթ բաներ են ասոնք, ամոթ…
Ու ամեն մարդ՝ հիացած՝ իրավունք կուտար իրեն ու ամեն մարդ կհնազանդեր իր խորհուրդին։ Ինչո՞ւ սակայն միևնույն խորհուրդները ուրիշներու կողմե տրված, անազդեցիկ կմնային, մինչդեռ Համբարձում աղային բերնեն իյնալով կազդեին ամենուն վրա։ Հոս էր գաղտնիքը և միանգամայն Համբարձում աղային արժեքը։
Հիմակ, տարիներ ետքը, կմտածեմ այս տարօրինակ երևույթին վրա ու կուզեմ բացատրել զայն։ Ըստ իս Համբարձում աղային գաղտնիքը իր արտաքին կերպարանքին մեջն էր. իր հագուստին, քալվածքին, ձևերուն, նստվածքին մեջ։ Այսպես, օրինակի համար, միշտ կոճկված ըլլալը կարևոր ազդակ մըն էր իր ներշնչած ակնածանքին։ Վերարկուն կոճկված մարդ մը ավելի պատկառելի է, քան չկոճկվածը։ Անորոշ հարգանք մի կզգանք զինվորականներուն, ոստիկաններուն, բարապաններուն, թռամվայի տոմսավաճառներուն, երկաթուղիի պաշտոնյաներուն, թղթաբերի ցրիչներուն հանդեպ։ Ինչո՞ւ։− Որովհետև ամենքն ալ կոճկված են։ Երևակայեցեք նույն մարզիկը իրենց կոճակները քակած և պիտի զգաք որ մեր հարգանքը արհամարհանքի պիտի փոխվի։ Կոճակը ինքնին արդեն պատկառելի բան մըն է, որչափ խոշոր ու որչափ շատ ըլլա հագուստին վրա. այնքան ավելի ազդեցությունը մեծ է։ Դիտված է, որ փայլուն ու խոշոր կոճակները մեծ տպավորություն կգործեն,