Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ կիներու վրա։ Եվ հետո կոճկված հագուստ մը խորհրդավոր է միշտ և երազանքներու կմղե մարդս։

- Արդյոք ի՞նչ կա այդ կոճկված վերարկուին տակ,— կըխորհիս ակամա։

Ե՛վ որովհետև չես կրնար լուծել զայն, անծանոթին տարտամ վախը կպատե քեզ կամաց-կամաց ու երկյուղածությամբ կնայիս անոր։

Քայլվածքը նմանապես մեծ դեր կխաղա։ Կամաց, համաչափ քայլվածք մը անհունապես ավելի ազդու և տպավորիչ է, քան թեթև, ոստոստուն քայլվածք մը։ Ասկե զատ, կամաց քայլող մարդիկ ամբողջ ոտքերնին հատակին վրա կկոխեն, նախ կրունկեն սկսելով ու աստիճանաբար մինչև մատներուն ծայրը երթալով և ասիկա աոաջ կըբերե կոշիկի հատուկ ձայն մը, տեսակ մը կոշկային երաժշտություն, որ զուրկ չէ մասնավոր ներդաշնակսւթենե մը և որ ամեն երաժշտության պես իր ազդեցությունն ունի մեր ականջներուն վրա, այնպես որ կամաց քայլող մարդու մը ոչ միայն քայլվածքը կտեսնենք, այլ միանգամայն կլսենք զայն։ Ու այդ ձայնը, այդ կճռտոցը միանալով քայլվածքին դանդաղության հետ, մեր ուշադրությունը կկենդրոնացնեն քալողին ոտքերուն վրա, մեր աչքերը կսևեռին, կմագնիսանան դեպի հոն և երբ մարդը արդեն բազմոցին քով հասած ու նստած է, մենք դեռ չենք թոթափած այդ քայլվածքին մեր վրա թողած բուռն տպավորությունը։

Քիչ խոսիլն ալ մեծ դեր կխաղա մարդու մը կարևորությունը բազմապատկելու։ Նախ քիչ խոսողը կխուսափե ամեն վայրկյան տխմարաբանություններ ըսելու վտանգեն, հետո իր խոսքերն ավելի արժեք կստանան իրենց սակավությանը համար․ քաղաքատնտեսուսության մեջ մատուցումի ու խնդրանքի օրենք կըսեն ասոր, կարծեմ։ Ժողովներու և ընկերությանց մեջ շատ խոսողներուն այնչափ ուշադրություն չենք դարձներ, որչափ անոնց, որոնք հազիվ երբեմն կխոսին։ Իսկ շարժ ու ձևով իր միտքը բացատրելու կերպը հիանալի միջոց մըն է հաջողության։ Վիճաբանություն մը կա ակումբի մը մեջ և ձեր կարծիքը կհարցնեն վեճի նյութ եղող հարցին վրա, իբրև պատասախան ձեռքով շարժում մը ըրեք, օրինակի համար, սանկ օդին մեջ կես շրջանակ մը գծեցեք և պիտի տեսնեք, որ ամեն մարդ գոհ պիտի մնա, որովհետև այդ շրջանակը ամեն մարդ իր ուզած կերպովը պիտի մեկնե, վկայություն մը պիտի համարի իր ըսածին և ջախջախիչ փաստ մը դիմացինին առարկությանց։