Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղաքներու վրա նմանապես իրական ապտակի մը չափ ազդեցություն ունի օդին մեջ ձեռքի շարժումով ձևացած ապտակ մը, և աղջիկներ կան, որոնք ավելի կշիկնին երբ մատներու ծայրով համբույր մը ղրկենք իրենց, քան երբ մեր շրթներով ճշմարտապես համբուրենք այտերնին։

Չխնդալ… ահավասիկ նաև հեղինակավոր պատկառելի մարդ մը ըլլալու գլխավոր պայմաններեն մեկը։ «Կխնդաք, ուրեմն զինաթափ եղաք» կըսեն ֆրանսիացիք և իրավունք ունին։ Խնդալը տղայություն մըն է, խենթություն մը, մարդկային արժանապատվության և լրջության դասալքությունը. Խնդացող մարդու մը խոսքերուն երբեք կարևորություն չկրնար տրվիլ որչափ ալ բանավոր, որչափ ալ իմաստալից ըլլան անոնք։ Հին հունաց աստվածները կխնդային և ասոր համար իրենց վարկը կորսնցուցին ու կործանեցան ամենքն ալ, մինչդեռ Եհովա երբեք չծիծաղիր և ասոր համար մինչև այսօր կպատկառինք ու կվախնանք իրմե։

Այսպես ուրեմն ամփոփելով կարծիքս, սա եզրակացության կհասնիմ թե Համբարձում աղա եթե, հակառակ իր բացարձակ ոչնչություն մը ըլլալուն, կրցած էր մեծ ազդեցություն մը ձեռք ձգել իր շրջանակին մեջ, պատճառը իր միշտ կոճկված ըլլալը, կամաց քալելը, քիչ խոսիլն ու բնավ չխնդալն էր։

Արդ, ինչպես կտեսնվի, շատ խարխուլ, շատ խուսափուկ հիմերու վրա կառուցված էր Համբարձում աղայի հեղինակությունը և բնականաբար հիմնահատակ պիտի կործաներ օր մը։

Այդ օրը հասավ և Համբարձում աղա, խաղք ու խայտառակ, իր պատվանդանեն վար առնվեցավ ողբերգախառն զավեշտական դեպքի մը առթիվ, ի մեծ գոհունակություն մեզ, տղոցս ու պատանիներուս, որ միշտ զինքը նկատած էինք իբրև անտանելի հակառակորդ մը։


***

Այս նշանավոր դեպքը պատմելն առաջ հարկ է, որ ընթերցողներուս ներկայացնեմ ուրիշ անձ մը, բոլորովին տարբեր Համբարձում աղայեն, գրեթե անոր հակապատկերը և որուն ձեռքով տեղի ունեցավ Համբարձում աղային գերակշիռ ազդեցության վերջնական ջախջախումը։

Սերգիս աղա, այս էր նախախնամական մարդուն անունը,