Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/725

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմացած էր քստմնելի ճշմարտությունը: Իր կինը՝ Թագուհի հանըմն էր մեռնողը… այն որուն վրա կառուցած էր Սերգիս աղա իր երջանկության ամբողջ շենքը։ Իր օջախին պահապան հրեշտակը, ագարակին պարիկն էր որ կանհայտանար, բովանդակ երջանկություն մըն էր, որ հանկարծ կջախջախվեր, կփշրվեր վերջնականապես, անդառնալիորեն…

Սերգիս աղա երբ քիչ մը ուշաբերեցավ, երկար ատեն հանդարտիկ լացավ, կամաց-կամաց խոսելով ինքնիրեն, իր սիրելիներուն, մեռնողին հետ. Դեռ Համբարձում աղային խոսքերուն ազդեցության տակ, կրած հարվածեն անբանացած, իրեն այնպես կթվեր թե զավակներն ալ մեռած էին, մայրն ալ մեռած էր, ամբողջ ընտանիքը ոչնչացած էր սոսկալի չարաղետքի մը մեջ ու ինք միս մենակ կմնար աշխարհի երեսը…

— Թագուհի՜ս, զավակնե՜րս, մարի՜կըս, ա՜խ, իս ասանկ թողուցիք…

Լռեց։ Մեկեն ինքզինքին եկավ, քովը գտնված գավաթը պարպեց, կրկին ուշադրությամբ կարդաց նամակը, արցունքները սրբեց և ոտքի ելավ։

Նույն միջոցին Համբարձում աղա վառարանին քով կայնած կտաքանար, իրեն հանձնված ծանր պաշտոն մը հաջողությամբ կատարող մարդու մը սրտի գոհունակությամբ։

Սերգիս աղա դեպի անոր դիմեց և երկու ձեռքով, կոճկված սեթրիին օձիքներեն բռնելով, ձայնով մը որուն ահագնությունը տակավին ականջներուս կհնչե կարծես՝ գոչեց.

- Անօըե՜ն, անաստվա՜ծ մա՜րդ… ամենեն առաջ չըսեի՞ր որ կնիկս, Թագահին է մեռնողը… բոլոր զավակներս մեկիկ-մեկիկ մեռցուցիր, մայրս մեռցուցիր, ամենուն վրա արցունք թափել տվիր, ամենուն համար հոգիս արյունեցիր… աւնօրե՜ն, անաստվա՜ծ… ավանա՜կ մարդ…

Ու Սերգիս աղա, միշտ Համբարձում աղային օձիքներեն բռնած, այնքան ուժգին կերպով թոթվեց ու ցնցեց զայն, որ սեթրիին կոճակները քաղվեցան, օձիքը պատռվեցավ ու կռնակի վրա գետին տապալվեցավ:

Սերգիս աղա, գոհ ու թեթևցած հանդարտ քայլերով դուրս ելավ սենյակեն ու քաշվեցավ ննջասենյակը։

Վազեցինք Համբարձում աղային քով, որուն լեզուն բռնված