Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակին քաղաքավարական սկզբնավորութենեն կասկածելով։

«Երկու օր առաջ, այս կիրակի, Բերայի Աղքատախնամին ներկայացած է այրի տիկին Սաթենիկ Ամասյան, ընդունելու համար նպաստ մը, որ խոստացված էր տալ, իրեն վիճակին ու բարոյականին մասին կատարվելիք քննութենե ետքը։ Արդ, փոխանակ այդ նյութական նպաստին, որուն ամեն կերպով արժանի էր հիշյալ թշվառ այրին, ձեր կողմեն կարգ մը անարգանքերու ենթարկված է․․․»։

− Հասկցա, սա խալթախին համար է… վայ էտեպսիզ, դեռ երես ունի տե՝ նամակ գրել կուտա կոր ինծի…

Ռոզիկ ընթերցումը շարունակեց։

«…Ձեր կողմեն կարգ մը անարգանքներու ենթարկված է, որոնք ծանրապես վիրավորած են իր արժանապատվությունը»։

− Վայ, վայ, վայ, բոզերն ալ արժանապատվություն ունին եղեր հա՞,– գոչեց էֆենտին, որ երթալով կկատղեր նամակագրին դեմ։

«Մասնավորաբար,− շարունակեց աղջիկը,− իր վարձակալին համար ձեր ըըած, ձրի զրպարտությունը, թե՝ իր սիրահարն է, և այլն, ոչ թե միայն տիկին Սաթենիկի՝ այլ նաև իմ ալ պատվույս արատ կբերե, քանի որ ակնարկված վարձակալը նույնիսկ ես եմ»։

− Վա՜յ անամոթ, սա ի՞նչ աներես մարդիկ են եղեր… թող առնելիքնին ըլլա… էյ կարդա՛ տեսնենք։

«Արդ, ազնվաշուք տեր, կենթադրեմ, որ դուք անգիտակցաբար խաբված եք և այդ նախատինքները ըրեր եք սխալ ու սուտ տեղեկություններու վրա հիմնվելով, քանզի պատրաստ եմ պատվույս վրա երդում ընելու, որ հիշյալ տիկնոջ հետ, որ մեռած բարեկամի մը այրի է ու նվիրական ինծի համար, ոևէ մեղապարտ հարաբերություն չեմ ունեցած, այլ իբրև պարզ վարձակալ մը բնակած եմ իր տունը, հետևաբար ինծի համար խղճի խայթ մը պիտի ըլլա, եթե իմ պատճառով խեղճ կինը զրկվի նպաստե ու միևնույն ատեն անունն ալ աղարտի։ Ուստի դիմում կընեմ ձեր արդարասիրության, որպեսզի բարեհաճիր գոհացում տալ հեգ կնոջ, թե իր անարգված պատիվը վերահաստատելով և թե զինքը չի զրկելով նպաստե մը, որուն գուցե ձեր օգնած աղքատներեն ամենեն ավելի արժանի է։

Ուզելով այս մասին բերանացի բացատրություններ ալ տալ ձեր ազնվության, իրիկունը կրկին պիտի հանդիպիմ ձեր բնակարանը,