Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վստահ ըլլալով, որ զիս ընդունելու պատիվը պիտի ընեք, մեկ քանի վայրկյանի համար։

Մնամ ձեր ազնվության ամենախոնարհ ծառա»։

− Թող գա, թող գա, որ պոյը ցուցունեմ,− մռլտաց Ղուկաս էֆենտի, երբ աղջիկը նամակին ընթերցումը ավարտեց։

− Բայց գուցե կինը իրավցնե անմեղ է,− դիտել տվավ Ռոզիկ,− նամակին մեջ անկեղծության շեշտ մը կա կարծես։

− Բա խելքդ չհասնիր, անանկ կեղծավոր խոսքերե խաբվելու չէ, ես ապրանքս կճանչնամ, մարդուն երեսը մեյ մը նայիմ նե՝ ուրկե գալ ուր երթալը կհասկնամ… վա՜յ անբարոյականներ, վա՜յ:

Քիչ մը ետքը ծառան եկավ և ըսավ, որ նամակը բերող երիտասարդը եկած է պատասխան առնելու։

− Վեր ղրկե տեսնիմ,− գոչեց Ղուկաս էֆենտի, հետո աղջկանը դառնալով ըսավ, որ զիրենք առանձին թողու։

Ռոզիկ դուրս ելավ սենյակեն։

Քանի մը րոպե ետքը Գարեգին ներս մտավ։ Երիտասարդը բարեգուշակ նշան մը համարած էր էֆենտիին քով ընդունվիլը և կենթադրեր, որ գրած նամակը արդեն իր արդյունքը տված էր, ուստի համարձակ կերպով մոտեցավ էֆենտիին, որ թիկնաթոռի մեջ ընկղմած էր, նամակը ձեռքը բռնած։

− Ներեցեք, որ կհամարձակիմ ձեզ անհանգիստ ընել,− ըսավ Գարեգին, խոնարհ բարև մը տալով։

Ղուկաս էֆենտի ձեռքի ու գլխի անորոշ շարժում մը ըրավ։

− Անշուշտ կարդացիք ձեր ազնվությանն ուղղած նամակս:

− Հա, կարդացի, դո՞ւն ես Գարեգինը…

− Այո, Գարեգին Հայկյան։

− Էյ, ի՞նչ կուզես կոր։

− Բայց նամակին մեջ բացատրած էի խնդիրը,− կակազեց երիտասարդը, որ այդ պաղ ու անպատկառ ընդունելությունեն սկսած էր շփոթիլ:

Ղուկաս էֆենտի ոտքի ելավ հանկարծ ու գոչեց.

− Մենք տասը փարա չենք կրնալ տալ ոչ քեզի, ոչ ալ այդ կնկան… գացեք, որ քարը մեծ է նե՝ գլխնիդ անոր զարկեք… հասկցա՞ր։

− Բայց ինչո՞ւ այդքան խիստ անիրավությամբ կվարվիք կոր կարոտ ու անպաշտպան այրիի մը հետ,− ըսավ Գարեգին, որ միտքը դրած էր դյուրավ տեղի չտալու։