Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լիակատար տեղեկություններ քաղած էր Գարեգինի մասին:

− Ի՞նչ լուր նայինք,− գոչեց Ղուկաս էֆենտին, իր գրագրին ներս մտնալը տեսնելով։

− Հասկցա այդ Գարեգին Հայկյանին ով ըլլալը, չորս տարին ի վեր Աբրահամյան Քերովբե էֆենտիին քով գրագիր է եղեր, վեց ոսկի ամսականով…

− Սա մեր Աբրահամ էֆենտիի՞ն քով,− հարցուց Ղուկաս էֆենտի:

− Պաղչե Գաբուն, կերպասեղենի վաճառական Աբրահամյան էֆենտին:

− Հասկցա, հասկցա… աղեկ, ուրեմն ետքը գնա գտիր այդ Աբրահամյան էֆենտին, իմ կողմես հատուկ բարև ըրե և ըսե, որ անպատճառ գա զիս տեսնե:

Գրագիրը դուրս ելավ և Ղուկաս էֆենտի սկսավ գոհունակ դեմքով մը ձեռքերը շփշփել։ Քերովբե էֆենտին ոչ թե իրեն ծանոթ բարեկամն էր, այլև երախտավորյալը. դեռ մոտերս եկած էր իրմե մեծկակ գումար մը փոխ առնելու՝ տոկոսով գումար մը, որ պայմանաժամին չպիտի կրնար վճարել։

Ղուկաս էֆենտի փողոց ելավ ճաշարան երթալու համար: Հունվարի մեկն էր և ահագին բազմություն մը կար դուրսը և խանութներուն մեջ։ Էֆենտին այդ իրարանցումը տեսնելով հիշեց, թե կաղանդ էր, ժպիտ մը գծագրվեցավ իր դեմքին վրա ու միտքն ի վար մտածեց։

− Ատ մյուսյու Գարեգինը ու տիկին Սաթենիկը աղվոր նվեր մը պիտի ընդունին ինե։

Երեկ իրիկվընե ի վեր ատելությունը ու բարկությունը երիտասարդին ու հեգ կնոջ դեմ ոչ թե միայն չէր մեղմացած՝ այլ ավելի սաստկացած էր։ Քանի միտքը կբերեր Գարեգինի «թու, գարշելի արարած», խոսքերը, արյունը գլուխը կցատկեր։

Ինք − Ղուկաս էֆենտի մը, այդպես նախատվեր տասը փարա չունեցող գրագրի կտորե մը… ասիկա անհավատալի, անըմբռնելի, անկարելի բան մըն էր։ Եվ սակայն եղեր էր այդ բանը, ականջին միշտ կշառաչեին այդ բառերը մտրակի պես։

− Աղվոր կաղանդչեք մը պիտի առնեն,− կմտմտար քթին տակեն, իր վրեժխնդրության խորհուրդով սիրտը պաղըշկելով։

Ճաշեն հետո, գործի համար քանի մը տեղեր հանդիպեցավ և հետո վերադարձավ։